27/09/2018 14:28
Հայաստանի օպերային թատրոնը Քուվեյթում կներկայացնի Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի պրեմիերան
Արևելյան քաղաքակրթության հնագույն օջախներից մեկը`Քուվեյթը, այս օրերին հյուրընկալել է Հայաստանի օպերային թատրոնի ողջ անձնակազմին և աննախադեպ ոգևորությամբ սպասում է սեպտեմբերի 27-ին և 28 –ին տեղի ունենալիք Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի պրեմիերային, որը առաջին անգամ է բեմադրվելու այս բազմամշակութային երկրում:
Հիշեցնենք, որ Վ. Ա. Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերան օրեր առաջ` սեպտեմբերի 13,14-ին և 15-ին ներկայացվեց նաև Դուբայի օպերային թատրոնում, որը անցավ մեծ շուքով, հանդիսատեսի բուռն ընդունելությամբ և չդադարող ծափողջյուններով: Ներկայացումները, որոնք 3 օր անընդմեջ կարողացան միջազգային հանդիսատեսին հաղորդակից դարձնել երաժշտական հանճարեղ այդ ստեղծագործությանը, հայ օպերային թատրոնի վերելքը կարելի է համարել, քանզի այս դեպքում հայ օպերային թատրոնը կարողացավ քաղաքակրթական կայուն արժեք հանդիսացող այս երաժշտական կտավին ավելացնել հայկական կատարողական արվեստի ձեռքբերումները , և այն դարձնել հայ մշակույթի ինքնաարտահայտման և հանրահռչակաման օղակներից մեկը:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, ով այս մշակութային իրողություններն իրականացնողն ու կյանքի կոչողն է, խիստ մանրակրկտորեն է ընտրել միջազգային հանդիսատեսին ներկայացվող թե երաժշտական ստեղծագործությունները և թե արտիստական կազմը:
Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերան կոմպոզիտորի վերջին օպերան էր և իր երաժշտական ու գեղարվեստական հանճարի համընդգրկուն արտահայտությունը: Այս օպերան թե' իր սյուժետային մոտիվներով և թե երաժշտական առանձնահատկություններով տարբերվում է համաշխարհային օպերային գանձարանի այլ ստեղծագործություններից իր խոհափիլիսոփայական դրսևորումներով, սիմվոլիզմով և առասպելամտածողության տարրերով: Սյուժեյի հիմքում փիլիսոփայական հեքիաթ է մարդ արարածի հոգևոր վերելքի մասին. թե ինչպես մարդ էակը փորձությունների է ենթարկվում իր կյանքում և վերջում հասնում հոգևոր խաղաղության և իմաստության: Բայց, ինչպես որ իրական կյանքում է, այս օպերայում ևս, բարին և չարը, ազնիվն ու անազնիվը, պարզն ու խորամանկը մշատապես քայլում են կողք կողքի և անբաժան են իրարից: Այսպես էլ, հենց այս օպերայում Արքայազն Տամինոն և նրա մշտական ուղեկից Պապագենոն իրար հակադիր, բայց միևնույն ժամանակ իրարից անբաժան կերպարներ են, ովքեր միասին են հաղթահարում «հեքիաթի փորձությունները»:
Պապագենոյի դերում հանդես եկող, օպերային թատրոնի առաջատար մենակատար Հայկ Տիգրանյանը նշում է, որ նախքան Մոցարտի երաժշտությանը մոտ գալը անհրաժեշտ է խորապես ծանոթանալ մարմնավորվող կերպարի փիլիսոփայությանը: Պապագենոն բարի, ուրախ, միամիտ և ազնիվ կերպար է, ում կյանքում ոչինիչ հարկավոր չէ, բացի սիրուց:
Ինչպես նշում է երգիչը, Պապագենոյի կերպարի ճիշտ մարմնավորման համար իրենից ամիսների քրտնաջան աշխատանք է պահանջվել, քանի որ թե' կերպարի բնույթը և թե ' երաժշտական մեկնաբանությունը կարիք են ունեցել մանրակրկիտ և լրջագույն մոտեցման: Մոցարտի երաժշտությունը, ինչպես և օպերայի թեմատիկան իսկզբանե հեքիաթային և թեթև են թվում, բայց իրականում Մոցարտի երաժշտությունը ձայնի ամրություն, կատարողական մեծ վարպետություն և խորը փիլիսոփայական մոտեցում է պահանջում, հենց այստեղ է թաքնված մոցարտյան երաժշտության գաղտնիքը, որը ուրախ և թվացյալ թեթև կերպարին կարող է տալ ողբերգական մոտեցում: Մոցարտը մեծ փիլիսոփա էր և նրա երաժշտությունն էլ իրական կյանքի արտացոլումն է իր ռեալիզմով և սիմվոլիզմով:
«Պապագոնոյի դերերգը կատարելը և առաջին անգամ Դուբայի օպերային թատրոնում ներկայացնելը ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն էր, քանի որ ես ոչ միայն ներկայացնում էի մոցարտյան երաժշտությունը, ոչ միայն ինձ որպես երգիչ, այլև մի ողջ պետություն և մի ողջ օպերային թատրոն իր մշակույթով: Իտալացի հայտնի ռեժիսոր Պաոլո Միչիկեն, ում հետ առաջին անգամը չէ, որ համագործակցում եմ, կարողացել է իմ կերպարին տալ այն, ինչ իրականում պետք էր Պապագենոյին. ժպիտ, ուրախություն, բայց նաև թախիծ ու տառապանք: Ռեժիսորը, ով երկար տարիներ աշխարել է համաշխարհային մեծությունների հետ, ինչպիսիք են Պլաչիդո Դոմինգոն և այլոք, շատ բան ուներ մեզ փոխանցելու: Ուրախ եմ, որ առիթ ունեցա իր հետ աշխատելու երկու հակադիր կերպարներ կերտելիս, առաջինը` 2017 թվականի սեպտեմբերի 14-ն էր, երբ Հայաստանի օպերային թատրոնի 85-րդ թատերաշրջանը բացվեց Ջ. Վերդիի Ռեքվիեմով, որտեղ կատարեցի բաս ձայնի ձայնաբաժինը, և հաջորդը` երջանիկ պատահականությամբ, 2018 թվականի սեպտեմբերի 14-ն էր, արդեն Դուբայի օպերային թատրոնում` Պապագենոյի դերերգով: Հակադիր կերպարների հետ աշխատանքը առողջացման ծրագիր է ցանկացած արտիստի համար, քանի որ դու փորձում ես տարբեր կերպարներ, բայց միևնույն ժամանակ չես կորցնում քո անհատականությունը:Հանդիսատեսի ծաափերը ներկայացման վերջում ուղղած են թե երաժշտությանը, մարմնավորող կերպարին և երգչի անհատականությանը: Իմ կերպարի և իմ կատարողականության ամենամեծ վկայությունն ու գնահատականը Դուբայի հանդիսատեսի շատ բուռն ընդունելությունն էր, և դա նշանակում էր, որ Պապագենոն սիրվեց հանդիսատեսի կողմից»:
«Կախարդական սրինգ» օպերայի երաժշտական մասի պատասխանատուն դիրիժոր Հարություն Արզումանյանն է:
Հավելենք, որ բացի Մոցարտի «Կախարդական Սրինգ» օպերայից Հայկ Տիգրանյանը մեծ հաջողությամբ ելույթներ ունեցավ նաև Դուբայում կայացած արդեն ֆրանսիական օպերային արվեստի գլուխգործոց` Ժ. Բիզեյի «Կարմեն» օպերայում Ցունիգայի դերերգով բոլոր 3 ներկայացումների ժամանակ:
Հայկ Տիգրանյանը, օպերային թատրոնի մյուս տաղանդաշատ արտիսների հետ հաշված օրեր անց կմասնակցի արդեն Քուվեյթում տեղի ունենալիք «Կախարդական սրինգ» օպերայի ներկայացմանը, որը հուսով ենք, կկրկնի Դուբայի մեծ հաջողությունը և արևելքում ևս կբարձրացնի հայկական բարձր մշակույթի պատիվը: