28/09/2018 10:50
Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են կրկին հանդիպել մինչև տարեվերջ. ԵԱՀԿ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումից հետո հանդես են եկել հայտարարությամբ, նշելով, որ քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, տեղեկություն ստացել մտահոգություն առաջացնող վերջին միջադեպերի և հայտարարությունների վերաբերյալ:
«Համանախագահները ափսոսանք են հայտնել շարունակվող և անտեղի մահվան դեպքերի առնչությամբ: Նրանք զգուշացրել են նախարարներին իրավիճակի սրման վտանգների մասին, կողմերին կոչ են արել կառուցողական մասնակցել դրական միջավայրի ձևավորմանը և խուսափել սադրիչ հռետորաբանությունից: Համանախագահներն ընդգծել են, որ համապարփակ կարգավորումը զիջումներ է պահանջելու բոլոր կողմերից», - ասված է հայտարարության մեջ:
Նախարարները հաստատել են բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու և լարվածությունը նվազեցնելու համար հավելյալ քայլերի կարևորությունը: ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են կրկին հանդիպել մինչև տարեվերջ:
Համանախագահները նաև ծրագրում են տարածաշրջան այցելել մոտ ապագայում: