28/09/2018 22:35
Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել՝ ԼՂ հակամարտության գոտում լարվածության նվազեցման ուղղությամբ
Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել՝ ԼՂ հակամարտության գոտում լարվածության նվազեցման ուղղությամբ։
«Առարկայական խոսակցություն ստացվեց, և արդյունքում մի քանի կարևոր կետեր արձանագրեցինք։ Մենք պայմանավորվեցինք, որ մեր պաշտպանության նախարարներին հանձնարարություն տանք կոնկրետ քայլեր ձեռնարկել սահմանագծում լարումն իջեցնելու վերաբերյալ։ Խոսքը վերաբերվում է սահմանային միջադեպերը կանխելուն ուղղված քայլեր են դրանք։ Սա կարևոր պայմանավորվածություն է», -հայտարարեց Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում։:
Նա տեղեկացրել է այդ պայմանավորվախության մասին Արցախի նախագահ Բակո Սահակյանին։
«Նրա համար նույնպես ընդունելի էր։ Կարող ենք ասել, որ կա պայմանավորվածություն որ սահմանին և շփման գծին միջոցներ ձեռնարկվեն հրադադարի ռեժիմի խախտումները կանխարգելելու վերաբերյալ։ Երեկ երեկոյից ես համապատասխան հրաման եմ տվել մեր Զինված ուժերին և ուրախ եմ արձանագրել, որ նախորդ գիշերը եղել է իմ վարչապետ ընտրվելուց հետո ամենահանգիստն ու խաղաղը», - ասաց Ն.Փաշինյանն, ընդգծելով, որ մարդավորսին պետք է դադար տրվի։
Նրա խոսքով, Իլհամ Ալիևի հետ արձանագրել են բանակցային պրոցեսի և մեթոդի նկատմաբ հավատարմությունը։
«Մենք պայմանավորվել ենք նաև օպերատիվ կապի որոշակի կոմունիկացիա ստեղծել: Տեխնիկական առումով դեռ չենք պայմանավորվել, բայց համաձայնվել ենք հանձնարարել մեր համապատասխան գերատեսչություններին՝ մշակել օպերատիվ կապի համակարգ», - ասել է Ն.Փաշինյանը։
«Ես ուրախ եմ, որ այդ պայմանավորվածությունները ձեռք բերվեցին, և հուսով եմ, որ դրանք կպահպանվեն: Մենք մեր կողմից ամեն ինչ կանենք, որպեսզի դրանք արդյունավետ լինեն», - նշեց նա: