28/09/2018 17:45
Պուտինը կոչ է արել ԱՊՀ-ի գործընկերներին ընդլայնել ազգային արժույթներով փոխադարձ գործարքների ծավալը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովին ընդգծել է միության ներսում ապրանքաշրջանառության աճը՝ չնայած բացասական արտաքին հանգամանքներին, ինչպես նաև կոչ է արել ընդլայնել ազգային արժույթներով փոխադարձ գործարքների ծավալը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ռուսաստանի նախագահի ելույթը ԱՊՀ ղեկավարների հանդիպմանը տեղի է ունեցել փակ դռների հետևում: Ինչպես նշել է Պեսկովը, ՌԴ նախագահն իր խոսքում ընդգծել է ԱՊՀ-ի և միության շրջանակում փոխգործակցության նշանակությունը քաղաքական, սոցիալ-տնտեսական և մարդասիրական, ինչպես նաև իրավապահ ոլորտներում:
«Պուտինը խոսել է այն մասին, որ բարդ համաշխարհային տնտեսական կոնյունկտուրան խոչընդոտ չի դարձել, որպեսզի 2018 թվականի հունվար-հունիսին միության ներսում ապրանքաշրջանառությունն ավելանա մոտ 15 տոկոսով:
Այժմ այն կազմում է մոտ 85 միլիարդ դոլար՝ չնայած մի շարք բացասական արտաքին գործոններին»,- նշել է նախագահի մամուլի քարտուղարը:
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի նախագահը կոչ է արել առավելագույնս բացել ԱՊՀ-ում ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի ներուժը, ինչպես նաև խոսել է «ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների պրակտիկայի ընդլայնման անհրաժեշտության, արտաքին քաղաքական դաշտում՝ ՄԱԿ-ում գործողությունների համակարգման մասին»: