28/09/2018 16:40
Ուլտրաձայնային հետազոտությունն «ասում» է, որ մեր երրորդ հրաշքը տղա է. Մարինա Մարտիրոսյանը սպասում է երրորդ զավակին
Ամուսնությունից հետո Մոսկվա տեղափոխված պարուհի, հաղորդավարուհի Մարինա Մարտիրոսյանի ընտանիքում կրկին համալրում է սպասվում: Պարուհին և ամուսինը հոկտեմբերի կեսերին սպասում են իրենց երրորդ բալիկի լույս աշխարհ գալուն: Aysor.am-ի հետ զրույցում Մ. Մարտիրոսյանը խոստովանեց՝ թեև արդեն գիտեն, թե փոքրիկն ինչ սեռի է, սակայն դա իրենց համար այնքան էլ էական չէ, կարևորը՝ առողջ բալիկ ծնվի:
«Ուլտրաձայնային հետազոտությունն «ասում» է, որ մեր երրորդ հրաշքը տղա է: Չնայած՝ ամուսինս աղջիկ էր ցանկանում, բայց այս պարագայում էլ շատ երջանիկ է: Միևնույն է՝ մենք և՛ որդի ունենք, և՛ դուստր», - նշեց երջանիկ մայրիկը:
Թե ինչ անուն կտան որդուն, ամուսինները դեռ չեն կողմնորոշվել, բայց հավանական տարբերականերն էլ քիչ չեն: Մեր զրուցակիցը նկատում է՝ ամեն անուն ծնվում է իր «տիրոջ» հետ.
«Դեռ քննարկում ենք, մի քանի տարբերակ կա. կծնվի մեր բալիկն, այդ ժամանակ էլ կծնվի նրա անունը: Ու երբ կնայեմ փոքրիկ դեմքին ու մեծ աչուկներին, կհասկանամ նաև, թե ինչ անունով կկնքենք նրան: Իսկ մինչ այդ վայելում եմ սպասողական՝ արդեն մի քիչ ծանր, բայցև այնպես՝ հաճելի շրջանը»:
Բազմազավակ մայրիկ լինելու տեսլականը Մարինային նույնիսկ ուրախացնում է: Պատմում է՝ ընտանիքի միակ զավակը լինելով՝ միշտ զգացել է քրոջ կամ եղբոր անհրաժեշտությունը: 6-ամյա Ռաֆայելան և 4-ամյա Առնոն անհամբեր են սպասում իրենց ընտանիքի նոր անդամին:
«Ես միշտ պատկերացրել եմ, որ մեծ ընտանիք եմ ունենալու, շատ երեխաներ: Դա իմ ցանկությունն է եղել, քանի որ մեր ընտանիքում ես միակ զավակն եմ եղել, ու միշտ ինձ պակասել է քույր կամ եղբայր ունենալու ուրախությունը: Երեխաներս էլ են անհամբեր սպասում, գրեթե ամեն օր հարցնում են, թե իրենց փոքրիկ եղբայրը երբ է գալու իրենց մոտ: Միասին վիճում են, թե ինչ անուն են դնելու», - ընդգծեց նա:
Մոսկվայում պարուհին այսօր շատ օգնականներ չունի, Հայաստանում են գտնվում թե՛ իր, թե՛ ամուսնու հարազատները: Հարցին՝ կարողանալո՞ւ է հասցնել երեք փոքրիկների խնամքը, լավատեսորեն պատասխանեց.
«Կյանքում բոլոր դժվարությունները հաղթահարելու համար են: Փառք Աստծո, կողքիս ունեմ հրաշալի ամուսին, ով ամեն հարցում ինձ օգնում է: Ցավոք, մայրս, սկեսուր մայրիկս կողքիս չեն, Հայաստանում են: Բայց այստեղ ունեմ մտերիմ մի ընկերուհի` Սիման, ում հետ ժամանակին պարել ենք: Նա երեխաների հետ կապված կողքիս է ու շատ է օգնում ինձ»:
Արդեն երկու տարի է՝ Մարինա Մարտիրոսյանը որպես պարուսույց և համերգավար աշխատում է Մոսկվայում գործող «Հայորդիք» երգի ու պարի անսամբլում, նախորդ տարվանից էլ Հայաստանի Հանրային ռադիոյի մոսկովյան թղթակիցն է:
«Մինչև վերջերս էլ աշխատանքի եմ գնացել, բայց այս ամսվանից սկսած այնքան էլ ակտիվ չեմ աշխատում: Դե, արդեն ցանկացած օր, հնարավոր է՝ գնամ ծննդատուն: Ժամանակը ցույց կտա, թե երբ կվերադառնամ իմ ակտիվ գործունեությանը», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց նա: