29/09/2018 11:53
Հայաստանի և Սլովակիայի արտգործնախարարները քննարկել են ԵԱՀԿ-ում Սլովակիայի առաջիկա նախագահության առաջնահերթությունները
Սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում կայացավ Հայաստանի և Սլովակիայի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Միրոսլավ Լայչակի հանդիպումը, տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Զոհրաբ Մնացականյանը շնորհավորեց իր գործընկերոջը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած արդյունավետ նախագահության կապակցությամբ:
Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր՝ կարևորելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա խորացմանն ու ամրապնդմանն ուղղված համատեղ քայլերի ձեռնարկումը:
Նախարարներ Մնացականյանը և Լայչակը մտքեր փոխանակեցին Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիման վրա համագործակցության հետագա խթանման հեռանկարների շուրջ։
Կողմերն անդրադարձան ԵԱՀԿ-ում Սլովակիայի առաջիկա նախագահության առաջնահերթություններին: Զոհրաբ Մնացականյանն իր զրուցակցին ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը և մոտեցումները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծման գործընթացում: