29/09/2018 11:05
Արմավիրի մարզում ամուսինը ծեծել է կնոջն ու 1 տարեկան որդուն. երեխան հիվանադանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է
Սեպտեմբերի 29-ին սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Հարությունյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նախորդ օրը, ժամը 21։00-ի սահմաններում Արմավիրի մարզի հանդամասերից մեկում Գյումրի քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Ռուստամ Մանուկյանը ծեծի է ենթարկել իր կնոջը՝ Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Օվսաննա Գրիգորյանին և 1 տարեկան որդուն՝ Արման Գրիգորյանին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին երեխան մահացել է։
Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 118 հոդվածի հատկանիշներով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Ռ. Մանուկյանին հայտնաբերելու ուղղությամբ։