29/09/2018 13:34
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների նորացումն առաջին հերթին պահանջում է վերանայել ՌԴ ուժային ներկայությունը ՀՀ-ում. Չուգասզյան
Ամեն բան, այդ թվում ազգը, կորցնում է ամեն ինչ և ինքն էլ, ի վերջո, կորչում է, եթե հետամուտ չի լինում իր առաքելությանը, «Սասնա ծռեր» կուսակցության համագումարին հայտարարեց կուսակցության նախագահության անդամ Վարուժան Ավետիսյանը։
«Մենք ևս շեղվել ենք մեր առաքելությունից և դա է այն ամենի պատճառը, ինչ պատահեց և մինչ օրս տեղի է ունենում մեզ հետ։ Մնացյալը հետևանքների շղթաների օղակներ են», - ասաց Վարուժան Ավետիսյանը։
Նա նշեց, թե առաջին քայլը, որ պետք է արվի այդ ուղու վրա, մտածողության փոփոխությունն է։
«Պետք է ստեղծենք և կարող ենք ստեղծել ազգային պետություն, ինքնակազմակերպվել և սկսել վերելքի ուղին», - հայտարարեց Ավետիսյանը։
Կուսակցության նախագահության մյուս անդամ Գարեգին Չուգասզյանն էլ իր հերթին հայտարարեց, որ Հայաստանը համարում է, որ Ռուսաստանն իր համար կարող է իրապես լինել լուրջ գործընկեր, եթե երկկողմ համաձայնությամբ գույքագրման ենթարկվեն, վերանայվեն, վերագնահատվեն և շահերի փոխադարձ հաշվառմամբ նորացվեն Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները՝ դրանք բերելով նորմալ և բնականոն գործընկերային ձևաչափի՞
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների նորացումն առաջին հերթին պահանջում է վերանայել Հայաստանում Ռուսաստանի ուժային ներկայությունը։ Հայաստանի համար անընդունելի է իր սահմանների պահպանության իրականացումն օտարերկրյա պետության սահմանապահ ուժերի կողմից, ուստի նա առաջնահերթ է համարում դրանց ստորաբաժանումների անհապաղ դուրսբերումը և սահմանի պահպանումը հայկական կողմին հանձնումը», - հայտարարեց Գարեգին Չուգասզյանը։