29/09/2018 14:30
Հրանտ Թոխատյան, Հրաչ Քեշիշյան, Նարե Հայկազյան․ Նոր անուններ՝ Գյումրու դրամատիկականի նոր թատերաշրջանում. Լուսանկարներ
Համարձակ ներկայացում` ենթարկվող դերասաններով կամ «Bye-bye Լեդի». հոկտեմբերի 6-ին Գյումրու դրամատիկականը 153-րդ թատերաշրջանի վարագույրը կբացվի «գիշերային թիթեռնիկների» ու պրոֆեսոր Ամադեի խելահեղ պատմության մասին կատակերգությամբ:
Գլխավոր դերերում ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն ու դերասանուհի Ռոզի Ավետիսովան են:
Հրանտ Թոխատյանը պրեմիերայից բացի Գյումրու բեմում կնշի նաև 60-ամյակը: Խոստովանում է՝ բեմական կյանքի 42 տարվա մեջ առաջին անգամ է համագործակցությամբ այստեղ, որոշումը կայացրել է մեծ պատրաստակամությամբ, պատճառները հստակ են:
«Գյումրու թատրոնը չունի սեփականատիրոջ էգոիզմ, բեմը բաց է բոլոր ստեղծագործողների համար: Հենց այս քաղաքականությունն է, որ ինձ բերեց այստեղ: Պետական թատրոնների հետ համագործակցության մեկ-երկու անհաջող փորձ եղել է տարիներ առաջ, բայց այս անգամ, վստահ եմ` կստացվի այն, ինչը երբեք չի ստացվել: Ամեն ինչ անելու ենք, որ այս էքսպերիմենտը, լինելով առաջինը, չդառնա վերջինը», - ասաց Ժողովրդական արտիստն ու հավելեց՝ Գյումրու թատրոնից իր հետ կտանի ձեռքը ժամանակի զարկերակին պահելու ջահելների կարողությունը:
Հ. Թոխատյանը նաև ընդգծեց, որ երիտասարդական ավյունը մինչև չխառնվի ավագների փորձին, թատրոնը հետաքրքիր պահելն անհնար է:
Ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն իրեն բնոշոր կտրուկ լուծումներով ստացել է ոչ ավանդական, բայց չափի մեջ գեղեցիկ, առանց սահմաններն անցնելու ներկայացում: Հանդիսատեսը երկխոսության մեջ կլինի դերասանների հետ, սիրային ինտրիգների շուրջ կառուցվող ոչ մի համարձակ փորձարություն փորձանք չի դառնա:
Նոր թատերաշրջանում «Bye-bye Լեդի»-ն միակ առաջնախաղը չէ. ևս մեկը՝ մեծ բեմին, մյուսը՝ Մհեր Մկրտչյան դահլիճում. Այսպես՝ Հրաչ Քեշիշյանը բեմ կբարձրացնի թատրոնի և կինոյի համադրմամբ ստեղծվող «Ոչինչ չի մնա» ներկայացումը, նաև՝ «Վերոնիկան որոշում է մահանալ» ներկայացման գլխավոր դերով էլ իր վերադարձը Հայաստան կնշի դերասանուհի Նարե Հայկազյանը:
Բնականաբար, հաղթարշավը կշարունակի «Հարսանիք թիկունքում» ներկայացումը` Հայաստանից բացի շրջագայելով ԱՄՆ-ում, Լիբանանում, Ռուսաստանում:
Գյումրու թատրոնը բարեկամության ձեռք կմեկնի հանրապետության բոլոր թատրոններին` հնարավորություն տալով խաղացանկերի լավագույն ներկայացումներով լինել Գյումրիում՝ այլընտրանք ապահովելով Գյումրու հանդիսատեսի համար:
Իսկ մինչ այդ, Գյումրու դրամատիկականի դահլիճում փարիզյան միջավայր է` թատերաշրջանի առաջնախաղային ներկայացման վերջին շտկումներով: