01/10/2018 22:04
Նիկոլ Փաշինյանն առաջադրում է երկու տարբերակ. կա՛մ սահմանադրական փոփոխություններ, կա՛մ համաձայնություն
Ընտրությունների պրոբլեմատիկան ազատ և օրինական ընտրություններ իրականացնելու քաղաքական կամքն է ու ոչ թե այն օրենսգրքերը, որոնք գրվում են ու հետո նույն հաջողությամբ խախտվում, այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով լրագրողների դիտարկմանը, որ Ընտրական նոր օրենսգիրքը դեռևս չի ընդունվել:
«Ընտրական նոր օրենսգիրքը դեռ չի ընդունվել, բայց մենք նախկինում գրված, վերագրված ու բարեփոխված օրենսգրքով ընտրություններն էլ ենք տեսել ու նույն օրենսգրքով նոր իրավիճակում ընտրություններ էլ ենք տեսել», - ասաց վարչապետը:
Նա նշեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը քննարկելու է նաև մյուս խմբացկությունների ղեկավարների, ինչպես նաև արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ:
«Ես ասում եմ` երկու տարբերակ կա: Մեկը այն է, որ Սահմանադրական փոփոխություններ ենք ընդունում, մյուսը այն է, որ մենք համաձայնություն ենք ստորագրում, որ էսինչ օրը վարչապետը հրաժարական է տալիս, այդ քաղաքական ուժերը չեն առաջադրում թեկնածու երկու անգամ և տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ: Երկու տարբերակներն էլ առավելություններ ու ռիսկեր ունեն, պետք է հաշվի առնենք, տեսնենք, թե որն ընտրենք», - ասաց Նիկոլ Փաշինյանը: