01/10/2018 15:15
Նիկոլ Փաշինյանն ու Վահրամ Բաղդասարյանը կհանդիպեն՝ քննարկելու ԱԺ լուծարման ու արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կհանդիպի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ՝ քննարկելու Ազգային ժողովը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը։ Այդ մասին լրագրողներին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։
Հանդիպման տեղի ու ժամի մասին տեղեկատվություն առայժմ չի հաղորդվում։
Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում«Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել էր, որ իրենք դեռևս չունեն հստակ սահմանված օր, թե երբ կհանդիպեն վարչապետի հետ արտահերթ ընտրությունների հարցը քննարկելու համար։
Նույն տեղեկությունը լրագրողներին փոխանցեց նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Aysor.am-ի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը նշեց, որ «Դաշնակցությունը» ևս այս պահի դրությամբ չունի նման պայմանավորվածություն վարչապետի հետ։