01/10/2018 21:39
Օրակարգի թիվ մեկ հարցն ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումն է, մինչև դա չլուծվի, ոչ մի ուրիշ հարց երկրում չի լուծվելու. ՀՀ վարչապետ (Տեսանյութ)
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար թիվ մեկ օրակարգային հարցը խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումն է, մինչև դա չլուծվի, ոչ մի ուրիշ հարց երկրում չի լուծվելու, այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս պահին հանրապետականներն, ըստ էության, մեծ հաշվով հրապարակային հայտարարում են, որ խարհրդարանական ընտրությունները պետք է 2022թ.-ին տեղի ունենան, և ես ասում եմ, որ դա ոչ կառուցողական դիրքորոշում է, որովհետև քաղաքական պրոցեսների արդյունքում բնականորեն ամեն ինչ հանգել է նրան, որ այսօր ՀՀ քաղաքացիների համար թիվ մեկ օրակարգային հարցը խորհրդարանական արտահերթ ընտրություններն են: Մինչև դա չլուծվի, ոչ մի ուրիշ հարց երկրում չի լուծվելու, որովհետև բոլորը, շունչները պահած, սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին», - ասաց Նիկոլ Փաշինյանն` ավելացնելով.
«Հիմա, եթե որևէ քաղաքական ուժ դիմադրում է այս պրոցեսին, նշանակում է՝ ուզում է, որ մեր ժողովուրդը շունչը պահած մնա` դա սխալ մոտեցում է»:
Aysor.am-ի թղթակցի դիտարկմանը` բացառու՞մ է, որ խորհրդարանական ընտրությունները հերթական կլինեն, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց.
«Ո՞նց կարող են հերթական լինել խորհրդարանական ընտրությունները»:
Վարչապետը ընդգծեց, որ ընտրությունների անցկացման դեպքում ըստ Սահմանադրության պահանջի խորհրդարանի մեկ երրորդը, միևնույն է, լինելու է ընդդիմադիր, ինչպես նաև ընդդիմությանն են բաժին հասնելու ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնը:
«Մենք կունենանք լեգիտիմ մեծամասնություն ու լեգիտիմ փոքրամասնություն, եթե նույնիսկ երկրորդ քաղաքական ուժը հինգ տոկոս ձայն հավաքի, այդ երկրորդ քաղաքական ուժը ներկայացված է լինելու առնվազն ԱԺ մեկ երրորդի չափով և ունենալու է երաշխիքներ, ԱԺ նախագահի տեղակալի համար և այլն, էլ չեմ ասում, որ մենք այդ երաշխիքները կարող ենք ուժեղացնել», - ասաց վարչապետը: