01/10/2018 21:57
Նոյեմբերին հնարավոր չէ անցկացնել արտահերթ ընտրություններ. Վահրամ Բաղդասարյան (Տեսանյութ)
Սա առաջին ռաունդն էր մեր հանդիպման, հանդիպումները կլինեն շարունակական, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Մենք չէինք նստել որոշումներ կայացնելու, մենք ապագա բանակցությունների մասին էինք քննարկում: Պայմանավորվածություն ենք ձեռք բերել, թե ապագայում ինչ ֆորմատով ենք հանդւպելու, այդ թվում՝ այլ քաղաքական ուժերի հետ», - ասաց ՀՀԿ պատգամավորը:
Նրա խոսքով՝ սահմանադրական ճանապարհով պետք է գնալ խորհրդարանական ընտրությունների:
«Մենք պետք է ունենանք այնպիսի խորհրդարան, որպեսզի ձևավորվի իսկական ընդդիմություն, դրա համար ժամանակ է պետք, որպեսզի քաղաքական ուժերը հնարավորություն ունենան պատրաստվելու: Պետք է քննարկենք օրենսգրի փոփոխությունները, դրանից հետո քաղաքական ուժերին պետք է ժամանակ տալ, որ նրանք էլ պատրաստվեն, և եթե քաղաքական ուժերի քննարկումների արդյուքնում որոշվի, որ պետք են նոր ընտրություններ, ապա կգնանք այդ ճանապարհով», - ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ, օրինակ, նոյեմբերին տեղի ունենան արտահերթ ԱԺ ընտրությունները, Վահրամ Բաղդասարյանը ևս մեկ անգամ կրկնեց, որ պետք է ժամանակ տալ, որ ուժերը պատրաստվեն՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ նոյեմբերին հնարավոր չէ անցկացնել արտահերթ ընտրություններ: