01/10/2018 17:59
Քաղաքական օրակարգը պետք է բաց լինի. Արմեն Աշոտյան
Կա հարց, որը հետաքրքրում է Նիկոլ Փաշինյանին, կան հարցեր, որոնք հետաքրքրում են մեզ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ ընտրությունները քննարկելու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հանդիպմանը:
«Քաղաքական օրակարգը պետք է բաց լինի», - նշեց Աշոտյանը.
Նրա խոսքով՝ վարչապետի հետ հանդիպումները պետք է կազմակերպվեն՝ հիմնվելով Սահմանադրականության, ՀՀ ներքին կայունություն և Հայաստանի անվտանգային միջավայրի կայունություն վրա. «Մեր հարցերը կբխեն այս սկզբունքներից»:
Արմեն Աշոտյանը նաև կարևորեց քաղաքական ուժերի միջև երկխոսությունը:
«Շատ կարևոր եմ համարում, որ քաղաքական ուժերն իրար հետ խոսեն ոչ միայն հանրային հարթակներում՝ օգտվելով մամուլից, Ֆեյսբուքից, այլև՝ անձամբ: Դա շատ կարևոր է, որովհետև եթե մենք խոսում ենք բացառապես հրապարակային դաշտում, օրինակ, ես գրառում եմ կատարում Ֆեյսբուքում, իսկ վարչապետը կիրակի օրը լրագրողի հարցով այդ գրառմանը պատասխանում է, կարծում եմ՝ դա երկխոսության ձև է, բայց ոչ ամենաարդյունավետը, որովհետև այս ձևի մեջ գերակայում են ավելի շատ քաղաքական շահերի, քան՝ քաղաքական արժեքների դիրքերը», - ընդգծեց նա: