01/10/2018 15:09
Իրանի հետ հաշվարկների ԵՄ-ի մեխանիզմը հասանելի կլինի երրորդ երկրների համար
Իրանի հետ ԵՄ-ի կողմից ստեղծվող բիզնես վարելու մեխանիզմը հասանելի կլինի երրորդ երկրների համար, Թեհրանը հույս ունի դրա աշխատանքը գործարկել մինչև նոյեմբեր: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչին:
Ավելի վաղ «հնգյակի» անդամ երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան) և Իրանը, ամփոփելով ՄԱԿ-ի շրջանակներում կայացած նախարարական հանդիպման արդյունքները, համատեղ հայտարարության մեջ հայտնել են, որ ԵՄ-ն կստեղծի Իրանի հետ հաշվարկների ֆինանսական մեխանիզմ՝ շրջանցելով ԱՄՆ-ի պատժամիջոցները:
«Այժմ եվրոպացիներն աշխատում են, այսպես կոչված, Հատուկ նշանակության մեխանիզմի (Special purpose vehicle, SPV) վրա: Մանրամասներն առայժմ հասանելի չեն, քանի որ դա շատ դժվարին հարց է: Բայց մտահղացումն այն Է, որ ստեղծվի մի մեխանիզմ, որը թույլ կտա Իրանի հետ փոխհաշվարկներ իրականացնել, և հնարավոր կլինի շարունակել բիզնեսն Իրանի հետ», - պատմել է բարձրաստիճան դիվանագետը: Արաքչին պարզաբանել Է, որ «դա միայն Իրանի եւ ԵՄ-ի միջև գործակցության մեխանիզմ չէ»:
«Երրորդ երկրները նույնպես կարող են այն օգտագործել: Եվ SPV-ի շատ կարևոր բաղադրիչն Է, որ այն նախատեսված Է ոչ միայն եվրոպացիների, այլև ուրիշ երկրների համար: Մենք հուսով ենք, որ մինչև ԱՄՆ-ի երկրորդ ալիքի պատժամիջոցների կիրառումը, այդ մեխանիզմը կարող է հասանելի լինել և կսկսի գործել»,-ասել է Իրանի ԱԳ փոխնախարարը: