01/10/2018 15:53
Էդմոն Մարուքյանը չի բացառում՝ արտահերթ ընտրություններն անցկացվեն հին օրենսգրքով (Տեսանյութ)
Երկրում չունենք ընդդիմություն, կունենանք, երբ կկազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին:
«Խորհրդարանը ցրելու բոլոր սցենարներին աջակցում ենք», - ասաց Մարուքյանը:
Դիտարկմանը՝ արդյոք «Ելք» խմբակցության հետ կա պայմանավորվածություն վարչապետի հետ հանդիպելու և արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը քննարկելու մասին, Մարուքյանը նշեց, որ իրենց դեռևս այդ հարցով չեն դիմել:
Անդրադառնալով արտահերթ խորհդարանական ընտրություններում իրենց շանսերին՝ Մարուքյանը նշեց.
«Մենք պատրաստ ենք, որովհետև մենք այս պահին գոնե Երևանի մասշտաբով արձանագրել ենք, որ երրորդն ենք, հետևաբար, եթե վաղը լինի ընտրություններ, մենք կարող է երրորդից դառնանք երկրոդը, բայց մյուս ուժերի համար չեմ կարող երաշխավորել»:
Հարցին, թե հնարավո՞ր է՝ դեկտեմբերին կազմակերպվեն արտահերթ ընտրություններ և այդ ժամանակահատվածում հնարավո՞ր է հասցնել նոր օրենսգիրք փոխել, Մարուքյանն ասաց, որ այդտեղ խնդիր կա.
«Որովհետև եթե ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի մինչև դա, մենք պետք է Վենետկի հանձնաժողովի կարծիքը ստանանք, որը ժամանակատար գործընթաց է»:
Մարուքյանը նկատեց, որ եթե ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին, ապա հավանաբար դրանք պետք է հին օրենսգրքով անցկացվեն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կհանդիպի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ՝ քննարկելու Ազգային ժողովը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը: