01/10/2018 21:25
Նիկոլ Փաշինյան. Արտահերթ ԱԺ ընտրությունները պետք է կայանան երկու-երեք ամսվա ընթացքում (Տեսանյութ)
ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ առաջին շփումն էր արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, մտքեր փոխանակեցինք, պայմանավորվեցինք, որ բանակցային գործընթաց սկսվի, հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, թե ինչի՞ հանգեցին հանդիպման արդյունքում, վարչապետն ասաց. «Մի հանդիպման արդյունքում որոշումներ չեն կայացվում: Մենք կարծում ենք, որ արտահերթ ընտրությունները արագ պետք է կայանան, ավելի կոնկրետ՝ երկու-երեք ամսվա ընթացքում»:
Նա նկատեց, որ շատ հրապարակումներ են լինում, թե խորհրդարանական ընտրությունների ժամանակ ևս, ինչպես ավագանու ընտրությունների ժամանակ, իրենք կհավաքեն 80 տոկոս, և ԱԺ-ում համամասնությունը չի պահպանվի, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նման բան չի կարող լինել;
«Գործող Սահամանադրության համաձայն՝ ԱԺ 1/3-ը պետք է լինի ընդդիմադիր: Ըստ էության, ինչ արդյուքն էլ գրանցվի, քաղաքական ուժերից որևէ մեկը եթե 80 տոկոս ձայն ստանա, ընդդիմության ներկայացվածությունը պակաս չի լինելու, քան՝ այսօր: Փոխարենը կլինի այն, որ կառավարությունը կլինի մեծամասնություն, որը թույլ կտա լիարժեք գործել և զբաղվել երկրի օրակարգային հարցերով: Մենք կունենանք լեգիտիմ իշխանություն, խորհրդարանական մեծամասնություն և լեգիտիմ փոքրամասնություն», - ասաց նա: