02/10/2018 14:30
Փորձ է արվում կասեցնել այն գործընթացը, որ խորհրդարանը պետք է իրավունքի ուժով արձակվի. Մարուքյանը՝ ԱԺ կանոնակարգում առաջարկվող փոփոխությունների մասին
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
Վերջինիս կարգավորումների մեջ անդրադարձ կա ֆորսմաժորային իրավիճակների ժամանակ խորհրդարանի աշխատանքների կարգավորմանը:
Մասնավորապես, նշվում է, որ եթե ԱԺ նիստին պատգամավորների մասնակցությունը խոչընդոտվում է և նիստը չի կայանում կամ էլ նիստը իրավազոր է, բայց պատգամավորների մի մասը չի կարողանում դրան մասնակցել, այդ դեպքում նիստը վարողը իրավունք ունի ընդհատել նիստը՝ հայտարարելով, որ կան խոչընդոտներ:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը այս կարգավորումը դիտարկեց որպես՝ վարչապետի ընտրության չկայանալու դեպքում ԱԺ-ն լուծարելու գործընթացի կանխում:
«Վարչապետի հրաժարականի պարագայում, եթե երկու անգամ անընդմեջ երկու շաբաթվա ընթացքում չընտրվեր վարչապետը, պետք է խորհրդարանը արձակվեր, և այս նախագծով խնդիր է դրվում՝ եթե պատգամավորները չեն կարողացել գալ, և ինչ-ինչ պատճառներով նիստը հնարավոր չէ գումարել, ապա նախագահողը հայտարարում է, որ նիստը համարում է ընդհատված, որովհետև կան խոչընդոտներ: Սրանով փորձ է արվում կասեցնել այն գործընթացը, որ խորհրդարանը պետք է իրավունքի ուժով արձակվի», - նշեց նա:
Մարուքյանը նաև ընդգծեց, որ ըստ էության այս փոփոխությունները խնդիր չեն լուծելու, քանի որ Սահմանադրությամբ սահմանված կարգով, եթե խորհրդարանը չի ընտրում վարչապետ 14 օրվա ընթացքում, ապա այն արձակվում է:
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ի պատասխան հիշեց նախկին գումարման գործընկերներից մեկի խոսքերն առ այն, որ Սահմանադրության հայեցողական մեկնաբանությունը շատ մոդայիկ է դարձել և ում ինչպես հարմար է, այդպես էլ մեկնաբանում է:
Նա նաև կոչ արեց գործընկերոջը ուշադիր կարդալ կանոնակարգը և հասկանալ, թե որ դեպքերին է վերաբերում կարգավորումը:
«Ինչո՞ւ եք Դուք հայեցողական մեկնաբանությամբ ու ուղղորդվածությամբ դա տանում վարչապետի ընտրությանը: Ամբողջ կարգավորումը 50-րդ հոդվածի 4-րդ մասին է, որը վերաբերում է նաև ԱԺ հերթական նիստերին», - ասաց նա:
Հիշեցնենք, որ օրենքի նախագիծը քվեարկության կդրվի վաղը: