02/10/2018 18:43
Եթե ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը չհանվի օրակարգից, ժողովրդին կոչ կանեմ դուրս գալ փողոց. Նիկոլ Փաշինյան
Դեկտեմբերի առաջին կեսին Հայաստանում անհրաժեշտ է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց՝ Հայաստանում կան հակահեղափոխական ուժեր ու այսօր նրանք երևակվեցին.
«Այսօր տրվեց հարցի պատասխանը՝ Հայաստանում կան արդյոք հակահեղափոխական ուժեր։ Երեկ Ազգային ժողովի օրակարգ է մտցվել և այսօր քննարկվել ու նախատեսված էր նաև քվեարկել մի օրենսդրական նախաձեռնության համար, որի նպատակն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը կանխելն էր։ Այնպես անելը, որ ըստ էության, Հայաստանը ժողովրդի իշխանության այս պայմաններում մտնի քաղաքական ճգնաժամի մեջ, որն այդպես էլ հնարավոր չլինի հաղթահարել», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը ներկայացրեց նաև նախագծի էությունը.
«Նախագծի իմաստն այն է, որ եթե ԱԺ նիստն ինչ-որ պատճառով տեղի չի լինում, օրինակ` ժողովրդի կողմից ԱԺ շենքը շրջափակելու պատճառով, կարող է համարվել, որ այդ նիստն ընդհատվել է, ոչ թե չի կայացել, ու եթե նիստն ընդհատվում է, այն կարող է շարունակվել, ասենք, մեկ շաբաթ կամ վեց ամիս անց։ Նախագծի ֆորմալ հեղինակը ՀՀԿ մի պատգամավոր է, չեմ ուզում անունը տալ և ուզում եմ բոլորիս խնդրել չմոռանալ սիրո և համերաշխության մեր սկզբունքների մասին», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց՝ բոլորն, ովքեր կպաշտպանեն այս նախագիծը, պատերազմ կհայտարարեն ժողովրդին։
«Հարցի քվեարկությունը նախատեսվում էր այսօր ցերեկը, ես հեռախոսազրույց ունեցա Արա Բաբլոյանի և Վահրամ Բաղդասարյանի հետ և նրանց ասացի, որ եթե հիմա այդ քվեարկությունն առնվազն չհետաձգվի, ստիպված կլինեմ ուղերձով դիմել ժողովրդին ու աջակցություն խնդրել ժողովրդից։ Ես ուրախ եմ, որ բանականությունը հաղթեց ու նախագիծը չդրվեց քվեարկության։ Ես ուզում եմ կոչ անել բոլոր պատգամավորներին չգնալ ներքաղաքական իրավիճակը սրելուն։ Ակնկալում եմ, որ այդ նախագիծը հանվի շրջանառությունից», - ասաց վարչապետը։
Նա նշեց, որ նախագծի վերաբերյալ վերջնական որոշումն իրեն կհայտնեն ՀՀԿ-ից՝ այսօր երեկոյան և, եթե վաղը դրա վերաբերյալ, այնուամենայնիվ, քվեարկություն նշանակվի, ապա ինքը կոչ կանի ժողովրդին դուրս գալ փողոց.
«Հարգելի ժողովուրդ, տեղն ու ժամը կոնկրետ կասեմ, հնարավոր է, որ մենք հանդիպենք Երևանի փողոցներից կամ հրապարակներից որևէ մեկում», - ասաց վարչապետը։