02/10/2018 22:14
Նիկոլ Փաշինյանը գնում է խորհրդարան՝ ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ պատգամավորների հետ բանակցություններ վարելու (Լուսանկարներ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում հանրահավաքի մասնակիցներին հայտարարեց, որ այս պահին գնում է խորհրդարան՝ այնտեղ գտնվող քաղաքական ուժերի ու պատգամավորների հետ բանակցություններ վարելու։
«Ապրիլի 16-ին՝ որպես ԱԺ-ում խմբակցության ղեկավար, ուզում էի գնալ աշխատանքի՝ Ազգային ժողով։ Հիմա ես՝ որպես ՀՀ վարչապետ, օրվա մեջ 24 ժամ հնարավորություն ունեմ մուտք գործել Ազգային ժողովի տարածք, և ես հիմա կգնամ Դեմիրճյան փողոցով Ազգային ժողով։ Այդ ընթացքում տեղի չի ունենա ոչ մի այլ բան՝ ոչ մի թուփ, ավտոմեքենա, ծառ, տերև, ոչ մի պատգամավոր չեն վնասվի։ Ես կգնամ, մուտք կգործեմ ԱԺ տարածք, որպեսզի բանակցեմ նաև այնտեղ գտնվող պատգամավորների ու քաղաքական ուժերի հետ՝ ստեղծված քաղաքական իրավիճակը հաղթահարելու վերաբերյալ», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ արդեն մի քանի ժամ է՝ ԱԺ մուտքերն արգելափակված են քաղաքացիների կողմից։ Ներսում գտնվող պատգամավորներն ու լրագրողները չեն կարողանում դուրս գալ խորհրդարանի շենքից։