02/10/2018 17:34
Քաղաքական բլեֆի դրսևորում. Շարմազանովը՝ ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
Հրատապ ընտրությունների օրակարգը քուն ու դադար չի տալիս մեր նոր կառավարությանը, ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Հայաստանի օրենսդիր մարմինը ինքնալուծարելու որևէ հիմք առկա չէ, այս Ազգային ժողովն ընտրվել է օրինական», - ասաց նա։
Շարմազանովի խոսքով՝ ԱԺ հրատապ ընտրություններ անցկացնելը վտանգի տակ կդնի քաղաքական բազմակարծությունն ու ճանապարհ կհարթի մեկ անձի քաղաքական լիակատար մենաշնորհի համար։
«Սա անթույլատրելի է», - նշեց ՀՀԿ խոսնակը։
ԱԺ փոխնախագահը շեշտեց, թե նոր իշխանությունը ավելի հեռու գնաց և վարչապետի շուրթերով ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանում գործող նախկին համակարգը անվանվեց ավտորիտար:
«Այդ առումով ունեմ մի քանի հարց. ո՞ր ավտորիտար երկրում է հնարավոր միջազգային դիտորդները ճանաչեն ընտրությունների լեգիտիմությունը, ո՞ր ավտորիտար երկրի հետ է Եվրոպական Միությունը կնքել խորը համագործակցության համաձայնագիր, այդ ի՞նչ ավտորիտար երկրիր է, որտեղ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին թույլ է տրվել խմբակցություն ունենալ խորհրդարանում, ո՞ր ավտորիտար երկրում է ըստ Սահմանադրության ընդդիմությունը պառլամենտում ունենում առնվազն 30 տոկոս և ԱԺ փոխնախագահ: Եվ նշեք մեկ ավտորիտար երկիր, որտեղ կարելի է հասնել իշխանափոխության առանց ցնցումների և առճակատման: Հետևաբար հնչեցված մտքերը ոչ այլ ինչ էին, քան քաղաքական բլեֆի դրսևորում», - ասաց Էդուարդ Շարմազանովը։
Նա ասաց, թե իշխանափոխությունից հինգ ամիս անց կարելի է արձանագրել, որ չկա թռիչքային զարգացման որևէ նշույլ, Հայաստան չի բերվել որևէ լուրջ ներդրումային ծրագիր, ժողովրդի համար որևէ աշխատատեղ չի ստեղծվել, շփման գծում, չնայած իշխանությունների պայմանավորվածություններին, կրակոցները չեն դադարել:
«Սա է փաստը, սա է իրականությունը և վերջում՝ ևս մեկ փաստ. այս ամենի մեղավորը և պատասխանատուն հաստատ Ազգային ժողովը չէ», - ասաց ՀՀԿ խոսնակը։