02/10/2018 20:31
Կառավարության ղեկավարն ուղղակիորեն միջամտում է Ազգային ժողովի աշխատանքներին. Էդուարդ Շարմազանով
Այն, ինչ այսօր տեղի է ունենում, ուղղակի միջամտություն է Ազգային ժողովի աշխատանքներին՝ կառավարության ղեկավարի կողմից, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Որևէ մեկը չի ասել՝ արտահերթ չի լինելու, և մենք բանակցել ենք արտահերթի հետ կապված։ Երեկ մեր խմբակցության ղեկավարը վարչապետի հետ բանակցեց և վարչապետը հայտարարեց նաև, որ երկրորդ ռաունդ է սպասվում բանակցությունների, բայց այն, ինչ այսօր տեղի է ունենում, ուղղակի միջամտություն է Ազգային ժողովի աշխատանքներին՝ կառավարության ղեկավարի կողմից», - ասաց ԱԺ փոխնախագահը։
Անդրադառանալով ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քվեարկությունն այս ժամին ու հապճեպ կազմակերպելու վերաբերյալ հարցերին՝ Է. Շարմազանովն ասաց, որ խորհդարանն անկախ մարմին է և ԱԺ պատգամավորներն ազատ են քվեարկել իրենց խղճին և համոզմունքներին համապատասխան։
«Ո՞վ է ասել, որ հավաքված քաղաքացիների պահանջին դեմ ենք, սա այլ բան է։ Սրա նպատակը մեկն է, որպեսզի զերծ պահենք Ազգային ժողովը քվեարկությունների ժամանակ որևէ մեկի ճնշումից», - ասաց ԱԺ Էդուարդ Շարմազանովը։
Լրագրողների հարցերին ի պատասխան՝ ինչպե՞ս է պատրաստվում դուրս գալ խորհրդարանից, քանի որ ցուցարարները փակել են ԱԺ բոլոր մուտքերը, Էդուարդ Շարմազանովն արձագանքեց, որ պետք է դուրս գա, քանի որ գործուղման է մեկնելու.
«Մի քանի ժամից պետք է մեկնեմ գործուղման, չգիտեմ՝ ոնց պետք է մեկնեմ։ Դե, եթե չկարողնանք գնալ, ուրեմն Հայաստանը համապատասխան Վեհաժողովում ելույթներ չի ունենա», - ասաց ԱԺ փոխնախագահը։