02/10/2018 15:53
ՀՅԴ-ն Նիկոլ Փաշինյանից արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը քննարկելու հրավեր դեռևս չի ստացել
ՀՅԴ-ն վարչապետ Նիկոլ Փաշինյանից արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը քննարկելու հրավեր դեռևս չի ստացել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Մենք կողմ ենք ընտրությունների անցկացմանը, բայց դեմ՝ դրանց անհապաղ անցկացման», - նշեց նա՝ հավելելով, որ դրանք պետք է անցկացվեն անհրաժեշտ տրամաբանական քայլեր կատարելուց հետո:
Նրա խոսքով՝ առաջին քայլը արտահերթ խորհրդարանական ընտրությունները նոր Ընտրական օրենսգրքով անցկացնելն է, որում առկա է ռեյտինգային համակարգը:
Ռուստամյանը հայտարարեց, որ մեկ տարուց ոչ ավելի ժամկետ է պետք, որպեսզի այս ամենը կյանքի կոչվի ու բոլոր խնդիրները լուծվեն:
Նա նաև նկատեց, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները չի կարելի հիմք համարել արտահերթ խորհրդարանական ընտրություններն ավելի արագ անցկացնելու համար.
«Ըստ էության, ոչ թե եղել է ավագանու ընտրություն, այլ եղել է հանրաքվե, այն էլ լոկալ հանրաքվե բառիս բուն իմաստով, անցկացվել է միայն Երևանում: Մենք, ճիշտն ասած, չենք իմացել, որ մասնակցում ենք հանրաքվեի, մենք իմացել ենք, թե մասնակցում ենք ավագանու ընտրություններին: Բայց եթե այդպես է դիտարկվում, որ հանրաքվեի է դրվել մի հարց՝ ժողովուրդն ուզում է ԱԺ-ն լուծարվի, թե՝ ոչ, կարծում եմ, որ այդ պարագայում հանրաքվեի արդյունքները ճիշտ չեն ներկայացվում, սխալ են ամփոփվել, որովհետև ոչ թե 82 տոկոսն է ուզում, այլ 100 տոկոսը», - նկատեց Ռուստամյանը։