02/10/2018 17:04
Փաշինյանի LIVE-երի փոխարեն կարող ենք Արցախում լրիվ այլ կադրեր դիտելու հնարավորություն ունենալ. Աշոտյանը վարչապետին կոչ է անում զգոն լինել (Տեսանյութ)
ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀԿ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ասաց, որ չի խոսի ներքաղաքական հարցերից։
«Ուստի մեր այն հայրենակիցներն, ովքեր չեն հավանում իմ քաղաքական տեսակետները, կամ ինձ չեն սիրում ու ուղիղ եթերում նայում են այս նիստը՝ ուղիղ եթերում գրելու իրենց մեկնաբանությունները՝ «Սերժի ստրուկ» «քյաչալ», Բաղրամյանի վանկարկումը գրեք, պրծեք, որ խոսենք Ղարաբաղյան հարցի մասին», - այսպես սկսեց իր խոսքը Աշոտյանը։
Նա նշեց, որ իշխանություն-ընդդիմություն տարանջատումը երբեք չպետք է ճակատագրական դառնա։
«Սրտանց ուզում եմ հավատալ, որ Փաշինյանի ու Ալիևի միջև եղած պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն, որովհետև անգամ եթե մեկ զինվորի կյանք է փրկվելու այդ պայմանավորվածությունների շնորհիվ, արժե գնալ այդ բանակցություններին», -ասաց Ա. Աշոտյանը։
ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ ունի որոշ մտահոգություններ, որոնք ուզում է հղել ՀՀ վարչապետին:
«Ես պարոն վարչապետին կխնդրեմ չկորցնել զգոնությունը, ուզում եմ այս ամբիոնից վերահաստատել, որ Ադրբեջանին ՀԱՊԿ թողնել չի կարելի, որ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն ուժի մեջ են ու պետք է կյանքի կոչվեն», -ասաց նա։
Արմեն Աշոտյանը հորդորեց շատ չտարվել այն հանգամանքով, որ Ադրբեջանի նախագահը բարեկիրթ է։
«Թե չէ օրենքի տառը չի պահպանի ու շատ շնորհքով կարող է ներխուժել Արցախ», - ընդգծեց Ա. Աշոտյանը։
Նա ասաց նաև, որ այդ դեպքում կարող ենք ունենալ ոչ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի LIVE-երը դիտելու հնարավորություն, այլ՝ լրիվ այլ կադրեր դիտելու հնարավորություն։
Արմեն Աշոտյանը ՀՀ վարչապետին ևս մեկ խնդրանք ուներ։
«Իշխանությունը վերարտադրելու ցանկությունը գուցե հետաքրքիր է, կարևոր է, բնական է, բայց հանկարծ մեր երկիրը չներքաշեք դրա խաթր մեզ չվերաբերող աշխարհաքաղաքական խաղերի մեջ», - ասաց նա։
Արմեն Աշոտյանը Փաշինյանին խնդրեց Ալիևից ճշտել Հայաստանի երկու գերիների՝ Կարեն Ղազարյանի ու Զավեն Կարապետյանի ճակատգրերի հարցը Ադրբեջանում։
«Մենք, կարծես թե, մի պահ մոռացել ենք, որ ունենք սահմանը հատած, գերեվարության մեջ հայտնված երկու քաղաքացի, կարծում եմ՝ Փաշինյան-Ալիև փոխըմբռնման ամենակարևոր պտուղներից մեկը կարող է լինել այն բարի կամքը, որ մեր երկու գերիները անհապաղ ազատ արձակվեն», - ասաց նա՝ ընդգծելով, որ վաղը ակնկալում է վարչապետից ստանալ այց հարցի պատասխանը։