02/10/2018 11:30
Հոկտեմբերի 7-ից Երևանում տիրելու է ֆրանկոֆոն մթնոլորտ. կկազմակերպվի ֆրանսիացի հայտնի դիջեյի մասնակցությամբ դիսկոտեկ
Հոկտեմբերի 7-ից Երևանում ու Հայաստանում տիրելու է ֆրանկոֆոն մթնոլորտ, միջոցառումների շարքը սկսվելու է հոկտեմբերի 7-ից, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար, ՖՄԿ գագաթաժողովի անցկացման արտգործնախարարության աշխատանքային հանձնախմբի ղեկավար Վահագն Մելիքյանը:
«Հոկտեմբերի 8-ին ու 9-ին տեղի կունենա նախարարական 35-րդ նիստը, ամսի 9-ին՝ ժամը 17։00-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա ֆրանկոֆոնիայի ավանի պաշտոնական բացումը, որին կմասնակցի ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միքայել Ժանը», - ասաց նա։
Վահագն Մելիքյանը նշեց, որ նույն օրը կնշվի նաև երիտասարդության օրը։
ՖՄԿ գագաթաժողովի անցկացման արտգործնախարարության աշխատանքային հանձնախմբի ղեկավարը նշեց նաև, որ ավանում տեղակայված կլինի ավելի քան 40 տաղավար։
«Գործելու է բեմահարթակ, տարբեր համերգային ծրագրեր են լինելու, ունենք բազմաթիվ հյուրեր», - ասաց նա։
Մելիքյանը նշեց, որ հոկտեմբերի 10-ին «Թումո»-ում իր աշխատանքները կսկսի Ֆրանկոֆոն տնտեսական ֆորումը, որը տեղի կունենա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո։
Հոկտեմբերի 11-ին, արդեն, կմեկնարկի բուն գագաթաժողովը, որը կշարունակվի նաև հոկտեմբերի 12-ին։
«Հայաստան են ժամանելու 83 անդամ ասոցացված ու դիտորդ երկրների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՖՄԿ գործընկեր կառույցների ներկայացուցիչներ», - ասաց նա։
Նրա խոսքով՝ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19։30-ին, Հանրապետութան հրապարակում տեղի կունենա Ֆրանկոֆոն գալա-համերգը՝ համաշխարհային ճանաչում ունեցող երգիչների մասնակցությամբ, իսկ համերգից հետո հրապարակում կկազմակերպվի ֆրանսիացի հայտնի դիջեյի մասնակցությամբ դիսկոտեկ։
Վ. Մելիքյանն ասաց, որ Հայաստան են ժամանելու նաև 40-ից ավելի երկրների ղեկավարներ, նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ։
Նա ասաց նաև, որ այս ամիսների ընթացքում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովը ամենշաբաթյա նիստեր է գումարել և շատ արդյունավետ լուծումներ տվել ծագող հարցերին։