03/10/2018 12:29
ԱԺ արտահերթ ընտրությունների ժամկետների վերաբերյալ պայմանավորվածություն գոյություն չունի. Արմեն Ռուստամյան
Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամկետների հարցով այս պահին պայմանավորվածություն չկա, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
«Որևէ մեկն արտահերթին դեմ չէ, խոսքը գնում է միայն ժամկետների մասին։ Պայմանավորվածություն այս հարցով գոյություն չունի։ Վարչապետը պնդում է, որ պետք է լինի դեկտեմբերի մեջ, մեր համոզմամբ՝ պետք է կատարենք քայլեր, որոնք, ըստ էության, վարչապետն էլ է ընդունում, մասնավորապես՝ գնալ ընտրությունների նոր Ընտրական օրենսգրքով, Հայաստանի այս սուպերվարչապետական համակարգը փոխարինել ավելի վարչապետականով, ինչն, առնվազն, ենթադրում է ոստիկանության վերաենթակայություն կառավարությանը։ Այս փոփոխության հետ էլ է վարչապետը համաձայն։ Մնում է հարցը, թե ինչքա՞ն ժամանակ հատկացվի, որպեսզի հասարակությունն ու քաղաքական ուժերը պատշաճ կերպով նոր իրավիճակին ադապտացվեն ու մասնակցությունը լինի բոլորի համար հասկանալի պայմաններում», - ասաց Արմեն Ռուստամյանը։
Ըստ նրա՝ դեկտեմբեր ամիսը որպես ինքնանպատակ դնելը, ճիշտ մոտեցում չէ։
«Եթե խնդիրը միայն հնարավորինս արագ ընտրություններն անցկացնելու հարցը չէ, այլ նոր պայմաններում, արդար, բոլորի համար հավասար պայմաններով և հնարավորինս գիտակցված ընտրություններ ունենալն է՝ դրա համար ժամանակ ու քայլեր են պահանջվում», - ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը։