03/10/2018 17:10
Հայաստանը երբեք իր համաձայնությունը չի տա, որ իր բնակավայրերի վրա կրակող պետությունը դառնա ՀԱՊԿ անդամ. Վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ ՀԱՊԿ-ում Ադրբեջանի անդամակցության մասին որևէ պաշտոնական գործընթաց չկա, այդ մասին կան միայն հրապարակումներ։
«Եվ սրա վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը շատ հստակ է, նման հարցերը լուծվում են կոնսենսուսով ու, բնականաբար, ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում անիմաստ է նույնիսկ այդ հարցի վերաբերյալ խոսելը, որովհետև Հայաստանը երբեք իր համաձայնությունը չի տա, որ իր բնակավայրերի վրա կրակող պետությունը դառնա ռազմաքաղաքական մեր հիմնական կազմակերպության անդամ կամ թեկուզ դիտորդ», - նշեց ՀՀ վարչապետը։
Հիշեցնենք, որ նախօրեին Արմեն Աշոտյանն ասել էր, որ ունի որոշ մտահոգություններ, որոնք ուզում է հղել ՀՀ վարչապետին:
«Ես պարոն վարչապետին կխնդրեմ չկորցնել զգոնությունը, ուզում եմ այս ամբիոնից վերահաստատել, որ Ադրբեջանին ՀԱՊԿ թողնել չի կարելի, որ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն ուժի մեջ են ու պետք է կյանքի կոչվեն», - ասել էր նա։