03/10/2018 02:20
Արտահերթ ընտրությունների ժամկետի և վարչապետի թեկնածուի հարցով վերջնական որոշում չկա. Շարմազանով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքում որևէ վերջնական որոշում չի կայացվել, Aysor.am-ին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Որևէ վերջնական որոշման չենք հանգել: Նա իր կարծիքը փաստեց, մենք՝ մերը: Նշել ենք, որ անհրաժեշտ է փոխզիջում և երկխոսություն», - ասաց նա:
Է.Շարմազանովն ասաց նաև, որ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամկետի հետ կապված որևէ վերջնական որոշում չի ընդունվել:
«Նշվել է Ազգային ժողովի անկախությունը հարգելու անհրաժեշտությունը: Միակ բանը, որ պայմանավորվել ենք՝ այն է, որ որևէ վերջնական բան չենք պայմանավորվել», - նշեց նա:
Նշենք, որ Ն.Փաշինյանն այսօր հայտարարեց, որ Ազգային ժողովում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ իրեն ասել են, որ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներն ընկալում են ժողովրդի ուղերձը և հարգանքով են վերաբերվում ժողովրդի դիրքորոշմանը։
«Երեք խմբակցությունների ներկայացուցիչներն էլ բանավոր ասացին, որ անկախ հուշագրից՝ իրենք չեն պատրաստվում ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ փուլում առաջադրել վարչապետի թեկնածու», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։