03/10/2018 12:46
Եթե արտահերթ ընտրությունների գնանք նոր Ընտրական օրենսգրքով, պատշաճ ժամկետներում ու վերացնելով սուպերվարչապետությունը՝ վարչապետի պաշտոնի համար առաջադրումներ չեն լինի. ՀՅԴ
Եթե բանակցություններ են ընթանում, ճիշտ չէ խոսել վերջնագրերով, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը.
«Եթե բանակցում ես, ճիշտ չէ վերջնագրերով խոսել, բանակցությունները ենթադրում են կոմպրոմիսներ», - ասաց Արմեն Ռուստամյանը։
Նա հիշեցրեց, որ իրենք առաջ են քաշել արտահերթ ընտրությունների սահուն անցկացման համար մի փաթեթ, որը նախատեսում է առաջնային երեք կետերի իրականացում՝ ընտրություններին գնալ նոր ընտրական օրենսգրքով, վերանայել Հայաստանի սուպերվարչապետության հարցը և ընտրել այնպիսի ժամկետներ, որ քաղաքական ուժերն ու հասարակությունը կարողանա պաստրաստվել ընտրություններին։
Aysor.am-ի թղթակցի դիտարկմանը, իսկ այդ դեպքում կա՞ն երաշխիքներ, որ վարչապետի ընտրություններին թեկնածուներ չեն առաջադրվի և ԱԺ-ն կլուծարվի, ՀՅԴ խմբակցության ղեկավարն արձագանքեց.
«Մենք ասել ենք, եթե համաձայնության ենք գալիս այս փաթեթով, իհարկե, նաև պայմանավորվում ենք, որ գործընթացն ընթանա ըստ Սահմանադրության պահանջի՝ չլինեն առաջադրումներ»։