03/10/2018 01:37
ԱԺ-ում ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունների ներկայացուցիչները Փաշինյանին ասել են, որ վարչապետի թեկնածու չեն առաջադրելու
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերի առաջին կեսին, դուրս գալով Ազգային ժողովից՝ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ազգային ժողովում պատգամավորների հետ հանդիպմանն ասացի, որ կա քաղաքական ճգնաժամ և այդ քաղաքական ճգնաժամը պետք է հաղթահարենք։ Հանրապետական, «Ծառուկյան» դաշինքի և ՀՅԴ խմբակցության պատգամավորները նույնպես ասացին, որ այս ճգնաժամը պետք է հաղթահարել այնպես, որ մեր երկիրն ընդհանուր առմամբ շահած դուրս գա այս ամեն ինչից», - պատմեց վարչապետը։
Նա ասաց, թե ներկայացրել է՝ որն է դրա տարբերակը։
«Հետևյալն է, ես առաջիկա օրերին պետք է հրաժարական տամ վարչապետի պաշտոնից, և ակնկալում եմ, որպեսզի Հանրապետական կուսակցությունը և գործող խորհրդարանն ավելի չգրգռեն մարդկանց, քանի որ եթե ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը կամ ՀՅԴ-ն առաջադրեն վարչապետի թեկնածու, պետք է գիտակցեն, որ հանրության շրջանում ռեակցիա է առաջացնելու։ Պետք է գիտակցել, որ եթե այդպիսի սցենար լինի, հանրության շրջանում, մեղմ ասած, վատ արձագանք կառաջանա։ Դրա համար առաջարկել եմ, որ լավ կլինի, եթե ստորագրենք փաստաթուղթ, որ այսինչ օրը ես հրաժրական կտամ, որից հետո խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի, այսինքն՝ մեկ անգամ վարչապետի ընտրություն տեղի չի ունենա, որից հետո երկրորդ անգամ ԱԺ պատգամավորների 1/3-ը վարչապետի թեկնածու դարձյալ չի առաջադրի, և երկրորդ անգամ էլ վարչապետի ընտրություն տեղի չի ունենա, ինչի արդյունքում դեկտեմբերին կունենանք ԱԺ արտահերթ ընտրություններ»։
Վարչապետն ասաց, որ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներն ասել են, որ ըստ էության, ընկալում են ժողովրդի ուղերձը և հարգանքով են վերաբերվում ժողովրդի դիրքորոշմանը։
«Երեք խմբակցությունների ներկայացուցիչներն էլ բանավոր ասացին, որ անկախ հուշագրից՝ իրենք չեն պատրաստվում ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ փուլում առաջադրել վարչապետի թեկնածու», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։