03/10/2018 01:43
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ներքաղաքական իրավիճակը քննարկել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը քննարկել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, այս մասին նա հայտարարեց ԱԺ բակում հանրահավաքի ընթացքում.
«Հեռախոսազրույց ունեցա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ և իմ տպավորությամբ ինքը, բնականաբար, ժողովրդի դեմ որևէ քայլ չի անի։ Արմեն Սարգսյանը հանրապետությունում չէ, Նյու Յորքում է, նա ևս կգա Փարիզ՝ Շառլ Ազնավուրի վերջին հրաժեշտի արարողություններին մասնակցելու։ Այնտեղ էլ կխոսենք, կվերադառնանք Հայաստան։ Կարծում եմ, ինքն էլ ցանկություն կունենա քաղաքական ուժերի հետ հանդիպելու, քննարկելու իրավիճակը», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ իրավիճակը համաձայնեցնելով ՀՀ նախագահի, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման ու գործընկերների հետ՝ առաջիկա օրերին հրաժարական կտա՝ շարունակելով կատարել վարչապետի պաշտոնակատարի պարտականությունները։
«Այս ընթացքում կփորձեմ նոր նախարարներ ու մարզպետներ նշանակել», - ասաց Նիկոլ Փաշինյանը։