03/10/2018 13:03
Մենք ստեղծում ենք քաղաքական ճգնաժամի տպավորություն, որ հերոսաբար հաղթահարենք այն. մեզ անընդհատ թշնամու կերպար է պետք. Արմեն Ռուստամյան
Մենք ստեղծում ենք քաղաքական ճգնաժամի տպավորություն, որպեսզի հերոսաբար հաղթահարենք այն։ Ինձ մոտ տպավորություն է, որ մեզ անընդհատ թշնամու կերպար է պետք, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
«Այսօր որևէ ձևով գործադիրի և օրենսդիրի միջև անհաղթահարելի հակասություններ չեն առաջացել։ Ինչպես տեսնում եք, այս Ազգային ժողովը հարթ, խաղաղ, բոլոր բերած որոշումներն ընդունում է՝ ի՞նչ քաղաքական ճգնաժամի մասին է խոսքը», - ասաց Արմեն Ռուստամյանը՝ շարունակելով.
«Մենք ստեղծում ենք քաղաքական ճգնաժամի տպավորություն, որպեսզի հերոսաբար հաղթահարենք։ Իմ մոտ այն տպավորությունն է, որ մեզ անընդհատ թշնամու կերպար է պետք, թշնամու կերպար, որպեսզի մոբիլիզացվենք այդ թշնամու դեմ։ Այդ թշնամիների կերպարները, որ ձևավորում ենք մեր մեջ, հետո ազատվելու՞ ենք դրանցից, կարողանալու՞ ենք ժողովրդին ազատել այդ կերպարներից։ Սրա մասին մտածու՞մ ենք։ Այս հոգեբանությունը՝ «իմ հետ չես՝ իմ թշնամին ես», կարողանալու՞ ենք հաղթահարել»։
Լրագրողների դիտարկմանը՝ եթե չկա հակասություն, ինչու՞ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն այդպես հապճեպ ու անակնկալ բերվեց ԱԺ, ՀՅԴ խմբակցության ղեկավարն արձանագրեց.
«Ոչ մի հապճեպ ու անակնկալ օրինագիծ, որոշում չի եղել։ Եթե իրենք պետաիրավական հանձնաժողովում եղել են ու գլխի չեն ընկել, թե ինչի մասին է խոսքը, թող իրենց մեղադրեն»։