03/10/2018 16:49
Խելամտությունը ստիպում է, որ 2-րդ մայիսի մեկ անելու գայթակղությանը տրվելն անտեղի ու ավելորդ կլինի. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Ազգային ժողովում խմբակցությունների հետ երեկվա հանդիպմանը ես ասել եմ, որ դեկտեմբերին Հայաստանում պետք է տեղի ունենան ընտրություններ, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ասել եմ մեխանիզմի մասին և «Հանրապետական», «Ծառուկյան դաշինք» խմբակցությունների ներկայացուցիչները ասել են, որ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում իրենք չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել», - նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ սա եղել է այն համատեքստում, որ խմբակցությունները հստակ արձանագրել են այն քաղաքական իրավիճակը, որ այսօր առկա է երկրում։
«Կարծում եմ՝ խելամտությունը ստիպում է, որ 2-րդ մայիսի մեկ անելու գայթակղությանը տրվելը անտեղի ու ավելորդ կլինի», - ասաց ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ, իր կարծիքով, մայիսի մեկին ինքն ազդարարեց քաղաքական որոշ ուժերի ինքնասպանություն գործելու փաստի մասին։
«Կարող եմ ասել, որ, ցավալիորեն, ինքնասպանությունների շարքը շարունակվում է», - ընդգծեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Դաշնակցությունը համաձայնվել է ՀՀԿ-ի ու «Ծառուկյան դաշինքի» ասածների հետ։