03/10/2018 11:22
Ընտրությունները մայիս տեղափոխելու փաթեթի մաս կարող էր լինել ՀՀԿ-ի կողմից վարչապետի թեկնածու չառաջադրելը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը երեկ եղել է քննարկում՝ եթե ուզում եք հուշագիր ստորագրել, ապա ընտրությունների ժամկետի համար էլ պետք է պայմանավորվենք, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։
«Ամենատարածված փոխզիջումային տարբերակը, որն առաջարկվում էր վարչապետին, եղել է, որ ընտրությունները տեղափոխենք մայիս, հասցնենք բարեփոխել Ընտրական օրենսգիրքը, պատշաճ իրազեկենք միջազգային դիտորդներին, որ նաև գան ընտրությունների, թողնենք մնացած կուսակցությունները նույնպես պատրաստվեն ընտրությունների, հանդարտեցնենք իրավիճակն ու նոր գնանք ընտրությունների», - ասաց նա։
ՀՀԿ փոխնախագահն ասաց, որ իրենց կողմից վարչապետ չառաջադրելու որոշումը կարող էր լինել այս փաթեթի մաս։
«Վարչապետն ասաց, որ ինքը պատրաստ է խոսել ամեն ինչի մասին, բացի դեկտեմբերից: Ակնհայտ է, որ շատ սրամիտ ձևակերպում էր գտել սեփական քաղաքական միահեծան դիրքորոշումը հաղորդելու համար», - ասաց նա։