03/10/2018 15:44
«Միլանը» դիտարկում է Իբրահիմովիչին վերադարձնելու տարբերակը
«Լոս-Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է վերադառնալ եվրոպական ֆուտբոլ, հայտնում է Corriere della sera-ն:
Շվեդ ֆուտբոլիստին հրավիրելու տարբերակը դիտարկում է «Միլանը», որի կազմում նա հանդես է եկել 2010-ից 2012 թվականներին: Թիմի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն ցանկանում է հարձակման գիծն ուժեղացնել փորձառու և ինքնավստահ ֆուտբոլիստով, ով կկարողանա օգնել թիմին մրցաշրջանի վճռորոշ փուլերում: «Միլանի» ղեկավարությունն իտալացու առջև մշտապես Չեմպիոնների լիգայում հայտնվելու և Եվրոպա լիգայում հնարավորինս առաջ գնալու խնդիր է դնում, և դրա համար նրան անհրաժեշտ է ուժեղացնել հարձակման գիծը:
Անձամբ Իբրահիմովիչը վստահ է, որ չնայած 37 տարեկան հասակին` կարող է առաջիկա երկու տարին խաղալ բարձր մակարդակում: Հարձակվողը ցանկանում է կարիերան ավարտել հարազատ «Մալմյոյում», սակայն չի վառվում հենց այս պահին Շվեդիա վերադառնալու ցանկությամբ: Ֆուտբոլիստի ընտանիքը դրական է վերաբերվում «Միլան» վերադարձին: Իբրահիմովիչի պայմանագիրը «Լոս-Անջելես Գելեքսիի» հետ նախատեսված է մինչև 2019 թվականի դեկտեմբեր: «Միլանը» կարող է տրանսֆերն իրականացնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այդ դեպքում ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: