04/10/2018 19:23
Ռիչարդ Միլսը պատիվ է համարել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան լինելը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, հայտնում են նախարարությունից։
Նախարար Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում ծավալած արդյունավետ գործունեության համար, բարձր գնահատել նրա ներդրումը հայ-ամերիկյան բազմաոլորտ փոխգործակցության համատեքստում և հույս հայտնել, որ դեսպանը Հայաստանից հեռանում է լավ տպավորություններով:
Դեսպան Միլսը պատիվ է համարել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան լինելը, և մեծապես արժևորել դեսպանության ու ՀՀ արդարադատության նախարարության սերտ համագործակցությունը: «Հատկապես ողջունելի է, որ նախարարության գերակա խնդիրների շարքում է կոռուպցիայի դեմ պայքարը, ինչը գերակայություն է նաև մեզ համար, և մենք կշարունակենք աջակցել այդ հարցում»,- նշել է ԱՄՆ դեսպանը:
Հանդիպման ավարտին նախարարն ու դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, դատական համակարգի անկախության ապահովմանը, ընտրական համակարգի բարելավմանը և այլն: