04/10/2018 14:43
Քաղաքական իրավիճակով պայմանավորված` սահմանային լարվածության դեպքում Զինված ուժերը կկատարեն իրենց առաջադրանքը. Դավիթ Տոնոյան (Տեսանյութ)
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վստահեցնում է՝ քաղաքական իրավիճակով պայմանավորված` սահմանային լարվածության դեպքում Զինված ուժերը կկատարեն իրենց առաջադրանքը։ Նրա խոսքով՝ սահմանին իրավիճակը կայուն է:
«Վերջին օրերի համեմատ այսօր եղել է ամենացածր հրադադարի խախտման վիճակագրությունը», - կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը՝ պատասխանելով Aysor.am-ի հարցին։
Դիտարկմանը, թե վարչապետը իրավիճակի կայությունը կապում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման հետ, ինքն է՞լ է համակարծիք, նախարարն ասաց.
«Մենք ստացել ենք հրահանգ՝ չթիրախավորելու և պահպանելու հրադադարի ռեժիմը, և մենք դա իրականացնում ենք»:
Հարցին՝ առաջիկայում սպասվող վարչապետi հրաժարականը կարո՞ղ է ազդել սահմանային իրավիճակի վրա, նախարարը պատասխանեց.
«Չեմ կարծում, ամեն դեպքում մենք այս պահին հրադադարը պահպանում ենք, և, եթե իրավիճակի փոփոխություն լինի քաղաքական իրավիճակով պայմանավորված՝ Զինված ուժերն իրենց առաջադրանքը կկատարեն»: