04/10/2018 09:44
«Ժողովուրդ». ԲՀԿ-ին հեռացրին ազգային համաձայնության կառավարությունից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եթե ՀՅԴ-ականներն արագ կողմնորոշվեցին, ու մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ կաներ իրենց նախարարներին, հայտարարեցին կոալիցիան լքելու մասին, ապա նույնը չես ասի ԲՀԿ-ի մասին: ՈՒ տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում ստացվեց այնպես, որ ԲՀԿ-ին հեռացրին ազգային համաձայնության կառավարությունից: Հատկանշական է փաստը, որ չնայած ԲՀԿ-ն տեղի ունեցած իրադարձությունների առաջին շարքերում էր, ավելին՝ կրքերը թեժանալու պատճառ դարձավ հենց «Ծառուկյան» խմբակցության ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ներկայացրած օրենսդրական առաջարկը, այնուամենայնիվ, այդ կուսակցությունը որևէ կերպ չի մեկնաբանել իրենց նկատմամբ վարչապետ Փաշինյանի պատիժը՝ կառավարությունից հեռացնելը:
Այս իրադարձություններին որևէ կերպ չի արձագանքել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանից պարզել այդ լռության պատճառները, վերջինս ասել է. «Պարոն Ծառուկյանն արդեն մի քանի օր է՝ արտերկրում է, կվերադառնա օրերս»: