04/10/2018 14:03
2019-ի պետբյուջեի նախագծում 20 մլրդ դրամով ավելացել են կենսաթոշակային հատկացումները
Արդյոք սա մեր երազանքների բյուջեն է, ոչ, ներկայացնելով 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը՝ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
«Արդյոք մենք համարում ենք, որ մեր երազանքն այն է, որ պետք է ապրենք երկրում, որտեղ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կանխատեսվում է մոտ 4600 ԱՄՆ դոլար, ոչ։ Մենք պատիկներով ավելի հավակնություններ ունենք», - ասաց ֆինանսների նախարարը։
Նա նշեց, որ մի քանի գործընթաց է զուգահեռ ընթացքի մեջ, դրանցից մեկը տնտեսական աճի մոդելի քննարկումն է.
«Այն կբերի մի հանգրվանի, և մենք կորոշակիացնենք մեր անելիքներն առաջիկա ժամանակահատվածի համար։ Կոնկրետ գործողություններ պետք է անենք, որպեսզի ունենանք այլ տնտեսություն։ 2019 թվականի պետբյուջեի նախագծում հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում պարտքը կայունացվելու և ավելի ցածր մակարդակ է ունենալու, քան՝ 2018-ին է»։
Նախարարն ասաց, որ 2019 թ. պետբյուջեի նախագծում 20 միլիարդ դրամով ավելացել են կենսաթոշակային հատկացումները։