04/10/2018 14:35
Արտահերթ ընտրությունները բացարձակապես կապ չունեն ներդրողների հետ. Վարչապետի խորհրդական
Քաղաքական փոփոխությունները, որ տեղի են ունեցել Հայաստանում, շատ դրական են գնահատվում գործարարների կողմից, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը։
«Ներդրողները ոչ մի բանի չեն սպասում։ Ես կարող եմ ասել, որ օգոստոս ամսվա ընթացքում, սեպտեմբերին, մեր գրասենյակ շատ-շատ ներդրողներ են եկել աշխարհի բոլոր երկրներից։ Քաղաքական փոփոխությունները, որ տեղի են ունեցել Հայաստանում, շատ դրական են գնահատվում գործարարների կողմից», - ասաց վարչապետի խորհրդականը։
Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության հարցին՝ Արսեն Գասպարյանն ասաց.
«Արտահերթ ընտրությունների անցկացումը ժողովրդի պահանջն է։ Դրանք ոչ մի ազդեցություն չեն ունենա ներդրումների վրա, որովհետև Հայաստանում վիճակը կայուն է։ Արտահերթ ընտրությունները բացարձակապես կապ չունեն ներդրողների հետ»: