04/10/2018 16:36
Սիրողական լուսանկարներ Շառլ Ազնավուրից, որոնք հրապարակվում են առաջին անգամ
2003 թվականի մայիսի 18-ին Լվովի հայկական համայնքի կյանքում պատմական իրադարձություն տեղի ունեցավ. Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ օծվեց Լվովի հայկական վանքը, որը քաղաքի ամենահին հուշարձաններից է՝ կառուցված դեռևս 1363-1370 թվականներին՝ ճարտարապետ Դորինգոյի կողմից՝ հայ վաճառականների միջոցներով:
Սակայն Խորհրդային ժամանակաշրջանում վանքը ծառայել է որպես պատկերասրահ, թանգարանի պահոց: Միայն 2000 թվականին տաճարը տրվեց հայ հավատացյալներին, ու երկարատև ընդմիջումից հետո առաջին Սուրբ Պատարագը մատուցվեց նույն թվականի հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան օրը:
Ի դեպ, վանքն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Վերադառնալով վանքի վերաբացմանը՝ 2003-ին, նշենք, որ այդ օրը հատուկ այդ առիթով Լվով ժամանած պատվավոր հյուրերի շարքերում էին ոչ միայն բարձրաստիճան հայ պաշտոնյաներ, այլև՝ մշակութային գործիչներ: Այնտեղ էին ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն ու նրա որդին:
Հենց այս միջոցառման ընթացքում բազմաթիվ պրոֆեսիոնալ լուսանկարների շարքերում եղան նաև սիրողականները, որոնք այդպես էլ չհանրայնացվեցին: Երեկ Aysor.am-ի խմբագրություն դիմեց մատենագետ Ֆլորա Նիկողոսյանը՝ մեզ տրամադրելով իր անձնական արխիվում տեղ գտած լուսանկարներ:
Aysor.am-ը չհրապարակված լուսանկարներն ու մատենագրի՝ Ազնավուրին բնութագրող տողերը սիրով ներկայացնում է ընթերցողներին:
«…Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը»… Սա Վիլյամ Սարոյանի տողերն են, որոնք մատենագրին ներշնչել են գրիչը ձեռքը վերցնել ու մյուս մեծ հային նվիրված տողեր գրել.
«Շառլ Ազնավուրը հայ ժողովրդի կրած տառապանքի ցավից ծնված լույսով ողողեց համայն մարդկության ճանապարհն ու լուսավոր հոգով բռնեց հավերժի ճամփան», - գրել է Ֆլորա Նիկողոսյանը: