05/10/2018 10:50
Սերժ Սարգսյանի գրասենյակն Ազատության պողոտայում կեցավայրի ստացման պահանջ չի ներկայացրել. Նաիրի Պետրոսյան
Հայաստանի պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը օրենքով նախատեսված կեցավայրի տրամադրման շուրջ կառավարության աշխատակազմի ղեկավարի հետ քննարկումների ամբողջ ընթացքում երբեք պահանջներով հանդես չի եկել: Այդ մասին Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց Ս.Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը։ Նա նշեց, որ գրասենյակը որևէ բազմամիլիոնանոց առանձնատուն առավել ևս չի պահանջել:
«Սերժ Սարգսյանի գրասենյակը քննարկումների ամբողջ ընթացքում որևէ պահանջ չի ներկայացրել։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ պայմանավորվել էինք, որ նախագահ Սարգսյանի համար կեցավայր ընտրելու հարցում որպես չափանիշ ընդունվելու են ՀՀ առաջին և երկրորդ նախագահների համար արդեն գտնված լուծումները: Լուծումը պետք է լիներ տրամաբանական՝ համապատասխանելով նման կեցավայրի անվտանգության պահանջներին», - ասաց Ն.Պետրոսյանը։
Նա նշեց, որ այս ընթացքում Սերժ Սարգսյանը նպատակահարմար չի գտել ընդունել կառավարության կողմից առաջարկված կեցավայրի տարբերակը` մի շարք դրդապատճառներից ելնելով:
«Նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել, որ այլևս չի բնակվելու կառավարական ամառանոցում և ողջամիտ ժամկետում դուրս կգա այդ տարածքից՝ տեղափոխվելով այլ առանձնատուն», - տեղեկացրեց Նաիրի Պետրոսյանը: