05/10/2018 14:19
Դավիթ Տոնոյանն ու Արտակ Դավթյանն Արցախում հանդիպել են ՊԲ հրամկազմի հետ
Այսօր Հայկական երկու հանրապետությունների ԶՈւ-երի համագործակցության շրջանակներում ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ ԶՈւ-երի ԳՇ պետ գեներալ լեյտենանտ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի Հանրապետություն, Facebook-ի իր էջում հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«ՀՀ պաշտպանության նախարարն ու ԶՈւ-երի ԳՇ պետն Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ հանդիպել են հրամանատարական կազմի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հանրապետությունների ԶՈւ-երի համագործակցության և մարտունակության ապահովման հարցեր։
Անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին՝ Դավիթ Տոնոյանը հատուկ նշել է, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը նախապատվությունը տալիս է խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով։
Նախարար Տոնոյանը հրամանատարությանը հորդորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարության համաձայն պահպանել բանակցային գործընթացում ձեռք բերված հրադադրի ռեժիմը։ Խաղաղ կարգավորմանն ուղված բանակցությունները տարբեր պատճառներով կարող են երկարաձգվել։ Հաշվի առնելով այդ ամենը՝ հայկական ԶՈւ-երը պետք է ապահովեն բարձր մարտական պատրաստության մշտական աճ»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը։