05/10/2018 11:06
Նախագահ Սարգսյանը Հենրի Քիսինջերին հրավիրել է այցելել Հայաստան
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին աշխատանքային նախաճաշ է ունեցել ամերիկացի հայտնի պետական գործիչ, դիվանագետ Հենրի Քիսինջերի հետ, ով 1973-1977 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը, իսկ ԱՄՆ նախագահներ Ռիչարդ Նիքսոնի և Ջերալդ Ֆորդի պաշտոնավարման տարիներին զբաղեցրել է Ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի պաշտոնը, հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։
Հանրապետության նախագահը և Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղարը մտքեր են փոխանակել համաշխարհային քաղաքականության և միջազգային անվտանգության խնդիրների շուրջ, մասնավորապես, անդրադարձել հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին:
Արմեն Սարգսյանը և Հենրի Քիսինջերը վաղեմի բարեկամներ են: Հայաստանի նախագահը և ԱՄՆ նախկին պետքարտուղարը մշտապես օգտագործում են հանդիպումների առիթները՝ քննարկելու միջազգային, այդ թվում՝ տարածաշրջանային տարբեր խնդիրներ՝ դրանց անդրադառնալով աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների համապատկերում:
Նախագահ Սարգսյանը Հենրի Քիսինջերին հրավիրել է առաջիկայում այցելել Հայաստան, ինչը սիրով ընդունվել է նրա կողմից։
Հենրի Քիսինջերը 1973 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի Վիետնամում պատերազմի դադարեցման և խաղաղության վերականգնման մասին Փարիզի համաձայնագիրը կնքելու ջանքերի համար: