05/10/2018 14:09
Ոչ ինքնանպատակ թեկնածու կառաջադրենք, ոչ էլ ինքնանպատակ կգնանք արտահերթ ընտրությունների. Շարմազանով (Տեսանյութ)
ԲՀԿ-ի կողմից դեռ չեմ լսել վերջնական պատասխան՝ համաձայն են արտահերթ ընտրությունների, թե ոչ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շամազանովը։
«Բացի «Ելք»-ից չեմ լսել, որ լինի այնպիսի ուժ, որը ասի՝ համաձայն եմ, որ խորհրդարանը գնա ինքնալուծարման», - նշեց նա:
Նա նկատեց, որ կա ընտրության երկու տարբերակ։
«Կան ընտրություններ, կան պարտադրված ընտրություններ: Երբ վարչապետը հրաժարական է տալիս, դա արդեն պատրադրված ընտրություն է», - նկատեց Շարմազանովը:
Դիտարկմանը՝ հնարավո՞ր է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից խուսափելու համար Հանրապետականն առաջարկի վարչապետի իր թեկնածուին՝ Շարմազանովը նշեց.
«Մենք ոչ ինքնանպատակ թեկնածու կառաջադրենք, ոչ էլ ինքնանպատակ կգնանք արտահերթ ընտրությունների, ոչ էլ ինքնանպատակ որևէ բան կանենք: Ամեն ինչի տակը պիտի լինի գաղափար»:
ԱԺ փոխնախագահը հիշեցրեց՝ ինքը բազմիցս նշել է, որ վարչապետի առաջարկը եթե ոչ վատագույն, ապա լավագույն տարբերակն էլ չէ.
«Երբեմն դու ընտրում ես վատի ու վատթարագույնի միջև, հիմա գնդակը իր դաշտում է: Եթե ըստ Սահմանադրության հրաժարական ես տալիս, ապա քաղաքական ուժերը ըստ իրավիճակի, երկրի շահերից ելնելով՝ կքննարկեն առաջադրում են, թե չեն առաջադրում, առաջադրելուց հետո էլ կքննարկեն՝ ինչ ծրագրեր են բերում, ում են առաջադրում, ինչ պիտի անի», - հավելեց նա: