05/10/2018 13:47
Բոնապարտիզմը կործանեց Բոնապարտին. Շարմազանովը՝ Փաշինյանին (Տեսանյութ)
Քաղաքական մեծամտությունը և ցինիզմը կործանել են ձեզնից հազարապատիկ ավելի ուժեղ գործիչների, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շամազանովը՝ արձագանքելով Փաշինյանի այն հայտարարությանը, որ երկրում ստեղծված էյֆորիան կարող է դեռ 15 տարի չանցնել, ինչը չի նշանակում, որ դեռ 15 տարի ընտրություններ չպիտի լինեն.
«Մենք տեսել ենք, որ բոնապարտիզմը կործանել է հենց Բոնապարտին, տեսել ենք Լևոն Տեր-Պետրոսյանին, ով 90 տոկոսից ավելի ձայն ուներ: Իրենցից ավելի հզոր գործիչների է կործանել, և երբ որ դու ասում ես՝ 15 տարի այս կլինի, այն կլինի, ի՞նչ ասեմ, Աստված տա, 15 տարի ժողովուրդը ծափահարի, բայց մենք տեսել ենք, թե 1991 թվականին քանի տոկոսով Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվեց, իսկ արդեն 1992-ի վերջին, երբ որպես ուսանող եկա Երևան, փողոցներում մարդ չէիր կարող գտնել, ով Լևոն Տեր-Պետրոսյանին դրական խոսք ասեր», - նշեց նա:
Շարմազանովը նկատեց, որ համաձայն չէ այն պնդման հետ, թե մեծամասնություն չունենալով ԱԺ-ում՝ կառավարությունը չի կարողանում արդյունավետ աշխատել: Նա նաև ընդգծեց, որ եթե այդպես էր, ապա Փաշինյանը դեռ մայիսին ոչ թե պետք է ընտրվեր վարչապետ, այլ միանգամից գնար արտահերթ ընտրությունների:
«Կարելի է ենթադրություն անել, որ էն ժամանակ չունեիր ռեսուրսներ, քեզ պետք էր պետական ռեսուրսները վերցնել՝ ոստիկանություն, ԱԱԾ, ՊՊԾ, նախարարություններ և այլն, որպեսզի քո ընտրարշավի համար էդ ռեսուրսը օգտագործես, կարելի է սա ենթադրել, այլ հիմնավորում ես չեմ տեսնում: Եթե ասում ես՝ ոչինչ պետք չէ փոխել, գնում ենք ընտրությունների դեկտեմբերին, ինչի՞ ժողովուրդը մայիսին չէր պահանջում: Ի՞նչ է, կարո՞ղ է ժողովուրդը մայիսին ասում էր՝ ես Շարմազանովի ցավը տանեմ, ինքը պիտի լինի», - նշեց Շարմազանովը: