05/10/2018 09:58
Փաշինյանի նշանակած կադրերին չէր խանգարի խոսելուց առաջ մտածել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրել է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի անգամ հայտարարել է, թե Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ պետք է անցկացնել՝ լուծելու համար ներքաղաքական ճգնաժամը, քանի որ այդ ամենի արդյունքում տուժում է նաև տնտեսությունը. ներդրողները սպասում են ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակի կայունացմանը: Երեկ այս տեսակետը պնդել է նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` հավելելով, որ որքան ուշ կայանան խորհրդարանական ընտրությունները, և սպասողական վիճակը երկարի, այդքան ավելի վատ երկրի տնտեսության համար:
Ամենամեծ ցանկության դեպքում անգամ Փաշինյանի ու Անանյանի հետ դժվար է չհամաձայնել. հայտնի փաստ է՝ բիզնեսը, հատկապես` օտարերկրյա կապիտալը, քաղաքական կայունություն է «սիրում», անկայուն իրավիճակներում մարդիկ պարզապես վախենում են գումարներ ներդնելուց:
Թվում էր՝ ամեն ինչ ասված է, սակայն երեկ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, խոսելով օտարերկրյա ներդրումների ու Հայաստանի ներքաղաքական վիճակի մասին, միանգամայն այլ տրամաբանության մեջ է խոսքերը ձևակերպել, և արդյունքում ստացվել է այնպես, որ նա «սխալ է հանել» վերադասին:
«Ներդրողները ոչնչի չեն սպասում», - նշել է նա` պատասխանելով հարցին՝ վարչապետն ասում է, որ ներդրողները սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որ ներդրումներ անեն:
Գասպարյանն, իհարկե, փորձել է մեկնաբանել ասածները` հավելելով, թե ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները շատ դրական են ընկալվում գործարարների կողմից, արդեն ներդրողներ են եկել տարբեր երկրներից: Կարճ ասած` պաշտոնյաներին չէր խանգարի խոսելուց առաջ մտածել, ինչպես խորհուրդ էր տալիս վարչապետ Փաշինյանը»: