05/10/2018 18:44
Այս անգամ էլ գրել եմ հեկեկալով, ժամերի ընթացքում. Արա Գևորգյանի «Մեր Շառլ» ստեղծագործությունը թարգմանվում է նաև ֆրանսերեն և անգլերեն
Շառլ Ազնավուրի մահվան բոթը ստանալով՝ երաժիշտ, ՀՀ Վաստակավոր արտիստ Արա Գևորգյանի հոգում իսկական խառնաշփոթ սկսվեց. հենց նույն գիշերը նստեց երաժշտական գործիքի առջև՝ կյանք տալով «Մեր Շառլը» ստեղծագործությանը: Aysor.am-ի հետ զրույցում երաժիշտը նկատեց՝ հայկական գունապնակից մենք ամենավառ գույնը կորցրեցինք:
«Նա համաշխարհային դեմք էր, բոլորիս պատիվը բարձր պահող արվեստագետ: Երբեք չի կարելի ուրանալ նրա նվիրվածությունն իր ժողովրդին, հատկապես՝ երկրաշարժի ժամանակ նրա կատարած ահռելի աշխատանքների մասին: Ես պարտք էի զգում, ուզում էի ինչ-որ կերպ շնորհակալություն հայտնել: Լուրն իմանալուց անմիջապես հետո այս երգը ծնվեց իմ մտքում, գիշերը գրել ու ձայնագրել եմ, առավոտյան 05:42 րոպեին այն արդեն գործիքավորած, մոնտաժված, պատրաստ համացանցում էր: Կարծում եմ՝ այն, ինչ արել եմ, դեռ քիչ է: Ու, ի դեպ, սա բոլորիս անունից է արված, բոլորս պետք է ասենք՝ շնորհակալ ենք քեզ, Շառլ», - նշեց մեր զրուցակիցը:
Արա Գևորգյանը խոստովանում է՝ թեև երգն ընդամենը ժամերի ընթացքում է գրել ու ձայնագրել, սակայն՝ բավական դժվարությամբ: Երաժիշտի համար առավել բարդ էր խոսքեր գրելը, քանզի իր կյանքում հազվադեպ է լինում, որ երաժշտությունից բացի բառեր է գրում: Ասում է՝ ես տեքստ գրող չեմ, միայն մեկ-երկու դեպք է եղել:
«Նույն դժվարությամբ գրել էի մորս (ժողովրդական երգչուհի Վալյա Սամվելյան՝ հեղ.) հիշատակի «Ռեքվիեմ»-ը: Կարելի է ասել՝ այս անգամ էլ հեկեկալով էի գրում: Ինձ մոտ տպավորություն է, որ կրկին ծնող եմ կորցրել», - ընդգծեց նա:
Երգի կատարումը հեղինակը վստահել է երգչուհի Մաշա Մնջոյանին: Նախ, նրա և երգչուհու ընտանիքները մտերիմ հարաբերությունների մեջ են, նաև՝ Մաշա Մնջոյանը պատասխանատվությամբ է վերաբերում իրեն վստահված գործերին:
«Ես իմ կյանքում երբեք երգ չեմ ծախել, միշտ նվիրել եմ: Հաճախ է պատահել, որ առաջարկել եմ, բայց մեր երգիչներն, այսպես ասած, արհամարհանքով են վերաբերվել իմ գրած երգերին: Ես հա՛մ երգը գրեմ, հա՛մ գործիքավորեմ, հա՛մ էլ ընկնեմ իրենց հետևից, որ գան ձայնագրվե՞ն: Մաշան այդ տեսակի մարդկանցից չի, մեկտեղ՝ հրաշալի ձայն ունի: Նա անմիջապես եկավ, երգեց ու մեր աշխատանքն ավարտին հասցրեցինք ժամերի ընթացքում», - մանրամասնեց Վաստակավոր արտիստը:
Արա Գևորգյանի «Մեր Շառլ»-ը թարգմանվում է նաև ֆրանսերեն և անգլերեն: Հեղինակն ընդգծում է՝ թարգմանությունը պետք է լինի պոետիկ, երգն էլ, ցանկալի է՝ կատարեն ֆրանսահայ ու ամերիկահայ երգիչներ: Հարցին՝ հնարավո՞ր է այն հնչի նաև Ֆրանկոֆոնիայի շրջանակներում, պատասխանեց.
«Երեկ զանգահարել եմ «Շարմ» հոլդինգ, ովքեր ներգրավված են այդ բոլոր կազմակերչական աշխատանքների մեջ, ու տեղեկացրել երգի մասին: Մնացածն իրենց որոշելիքն է: Եթե հարմար գտնեն, ապա կարող են ֆրանսերենով այս երգը հնչեցնել»:
Շառլ Ազնավուրին հանդիպելը Արա Գևորգյանի անկատար երազանքն է: Ցավով է նշում, որ այդպես էլ այդ հարցում իրեն չաջակցեցին:
«Ես ունեմ խաղաղությանը նվիրված երգ, Ցեղասպանությունը դատապարտող երգ: Պատկերացնում եք, եթե դրանցից որևէ մեկը Ազնավուրը երգեր, աշխարհի հռչակավոր արտիստները պատրաստակամությամբ կգային ու կերգեին: Բազմիցս եմ հայտարարել իմ ելույթներում՝ հեռուստատեսությամբ, ռադիոյով, մամուլով՝ ովքեր կապ ունեն շանսոնյեյի հետ, փոխանցեն խնդրանքս իրեն՝ մասնակցի այս նախագծերում: Անձամբ եմ դիմել այն մարդկանց, ովքեր Շառլի հետ շփվել են, նրան Հայաստան են հրավիրել, բայց ոչ մեկի աջակցությունը չստացա, այդպես էլ մեր հանդիպումը չկազմակերպեցին», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակելով՝ ափսոսանք հայտնեց Արա Գևորգյանը: