06/10/2018 14:44
«Կորցրած երազանքը» կիսատ մնացած սիրո պատմություն է. Վաչե Գաբրիելյանը Ռոբերտ Աբաջյանին նվիրված տեսահոլովակ է պատրաստել (Տեսանյութ, լուսանկար)
Երիտասարդ երաժիշտ, դուդուկահար Վաչե Գաբրիելյանը շուտով հանրությանը կներկայացնի նոր տեսահոլովակ՝ նվիրված Ապրիլյան պատերազմի հերոսներին՝ գլխավորությամբ Ռոբերտ Աբաջյանի: «Կորցրած երազանք»-ը կիսատ մնացած սիրո պատմություն է. աղջիկը սպասում է, իսկ սիրած տղան այդպես էլ չի վերադառնում:
«Ռոբերտ Աբաջյանի սխրագործությունն ինձ շատ է հուզել, նա ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչ է գիտակցված մահը: Կարծում եմ` նման որոշման համար հոգու մեծ ուժ է պետք, ուզում ենք, որ աճող սերունդն իմանա, թե մենք մեր օրերում էլ ինչ հերոսներ ենք ունեցել: Չեմ էլ պատկերացնում՝ ի՞նչ կանեի ես, եթե լինեի իր տեղում, կկարողանայի՞ այդպիսի քայլ անել, թե՞ ոչ», - Aysօr.am-ի հետ զրույցում խոստովանեց երաժիշտը:
Տեսահոլովակը նկարահանել է օպերատոր Կարեն Զոհրաբյանի թիմը: Ռեժիսորն է Լուսինե Արշակյանը: Նկարահանմանն աջակցել է ՀՀ pաշտպանության նախարարությունը՝ տրամադրելով կադրեր:
Նկարահանող խումբը եղել է նաև Արցախի հերոսի տանը, օգտվել նրա արխիվային լուսանկարներից: Տեսահոլովակի հերոսուհուն մարմնավորել է պարուհի Անուշիկ Հովսեփյանը: Հարցին՝ արդյոք սիրային պատմությունը վերցված է հենց Ռոբերտ Աբաջյանի կենսագրությունից, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Սիրո այս պատմությունն իրական հիմքի վրա չի նկարահանվել, չգիտեմ՝ իր կյանքում նման աղջիկ եղե՞լ է, թե՞ ոչ: Ցավոք, ես դեռևս չեմ ծանոթացել իր ընտանիքի անդամների հետ, միայն պապիկի հետ եմ հեռախոսով զրուցել: Բայց անպայման կհանդիպեմ նրանց, շատ եմ ուզում ծանոթանալ այն ընտանիքին, որն այդպիսի զավակ է ծնել», - ընդգծեց Վաչե Գաբրիելյանը: