06/10/2018 13:10
Լոնդոնի մետրոյում ռելսերի վրա են գցել Եվրաթունելի նախկին ղեկավարին (Տեսանյութ)
Լոնդոնի մետրոյում ռելսերի վրա են գցել Եվրաթունելի նախկին ղեկավար, 91-ամյա Ռոբերտ Մալպասին: Նա ստացել է գանգուղեղային վնասվածք և կոտրել ազդրոսկրը, հայտնում է BBC News-ն, որը հրապարակել է համապատասխան տեսանյութը:
Կադրերում երևում է՝ ինչպես է Մալպասը քայլում հարթակի վրայով, իսկ վայրկյաններ անց հայտնվում ռելսերի վրա: Տեսախցիկը հասցրել է ֆիքսել չարագործին. նա 46-ամյա Փոլ Քրոսլին է, որի մոտ 17 տարեկանում պարանոիդ շիզոֆրենիա են ախտորոշել:
Թոշակառու տղամարդուն փրկել է ականատեսներից մեկը:
Չարագործին ձերբակալել են: Ոստիկանությունից հայտնել են, որ նա առաջին անգամ չէ նման արարքներ գործում: Ապրիլին նա փորձել է ևս մի ուղևորի գցել ռելսերի վրա, սակայն վերջինս կարողացել է կանգուն մնալ հարթակին:
Ինժեներ, ձեռնարկատեր Ռոբերտ Մալպասը 1988-ին Բրիտանական կայսրության շքանշանի պատվավոր ասպետ-կոմանդոր է դարձել:
Նա ղեկավարել է Groupe Eurotunnel-ը (Getlink):